211652_close_icon

Նախագահը Գալուստ Սահակյանի թեկնածությունն առաջադրեց ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում

views-count4066 դիտում article-date 17:34 26-04-2014
Այսօր ՀՀԿ Գերագույն մարմնի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի թեկնածությունը: Խորհրդի նիստի անդամները միաձայն քվեարկեցին այդ առաջարկի օգտին: Այդ մասին այսօր նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը: Նա նաև նշեց, որ Գալուստ Սահակյանն ունի ԱԺ-ում աշխատանքի մեծ փորձ և գիտելիքներ և լավագույնս կարող է դրսևորել իրեն այդ պաշտոնում: Երկուշաբթի՝ ապրիլի 28–ին, ԱԺ նիստում կհաստատվի նրա նշանակումը: Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո վարչապետ նշանակվեց ՀՀ Ազգային ժողովի նախկին Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահի պաշտոնը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանին, սակայն վերջինս մերժել էր այդ առաջարկը: Գ. Սահակյանը ծնվել է 1948թ. ապրիլի 8-ին Երեւանում: 1971թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Բանասեր: 1970-1972թթ. Երեւանի մետաքսի կոմբինատում եղել է փականագործ: 1972-1991թթ. աշխատել է կրթական համակարգում. թիվ 30 դպրոցում՝ ուսուցիչ, թիվ 94 եւ թիվ 153 դպրոցներում՝ տնօրենի տեղակալ, թիվ 3 եւ թիվ 185 դպրոցներում՝ տնօրեն: 1991-1996թթ. եղել է Երեւանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, առաջին տեղակալ: 1995-1999թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 32 ընտրատարածք): Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ: 1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք): Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Միասնություն» խմբակցության անդամ, ապա ղեկավար: 2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության ղեկավար: 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ՀՀԿ խորհրդի անդամ: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Նմանատիպ նյութեր