Նախարարն է կառավարության ծրագրին միս ու արյուն տվողը, սակայն, երբ չի դիմանում պաշտոնի ծանրությանը, իրեն տրված իշխանությունը ուղղում է սեփական երազանքների իրականացմանը. Վահե Ղազարյան
«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ և վարող Վահե Ղազարյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Հասարակության մեջ արմատացած է մի կարծրատիպ, ըստ որի նախարարը պարտադիր պետք է ունանա շքեղ առանձնատուն, շահութաբեր բիզնես և «ավտորիտետ» ընկեր: Իրականում կառավարության անդամն իշխանության դեմքն է, պետության իմիջի բնութագրիչը: Բարձր մակարդակի հարաբերություններում նա է ներկայացնում պետությունն ու ժողովրդին: Նա է կառավարության ծրագրին միս ու արյուն տվողը, ժողովրդի ազատ ու բարեկեցիկ կյանքի երաշխավորը: Սակայն, երբ չի դիմանում պաշտոնի ծանրությանը, դրանից բխող գայթակղություններին, չարաշահում է իրեն տրված իշխանությունը, հավակնություններն ուղղում սեփական երազանքների իրականացմանը` գցելով ամբողջ կառավարության վարկը: Այդպիսինների մուտքը կառավարություն կանխելու համար Հռոմում նախատեսված էին նյութական և բարոյական ցենզեր:
Միջնադարում կառավարության կազմ կարող էին ընդգրկվել ազնվական բարձր տիտղոս ունեցողները, որոնց կառավարելու իրավունքը սահմանում էր արևից կաթած միապետը և, որպես ի վերուստ տրված շնորհ, փոխանցվում ժառանգաբար: Ներկա ժողովրդավարական երկրում կառավարության անդամ կարող է դառնալ յուրաքանչյուր քաղաքացի, որովհետև բոլորը հավասար են և ցենզեր չկան: Սակայն մեր ոչ բոլոր քաղաքացիներն են իրենց պատկերացնում բարձր պաշտոններում, բայց ոչ թե այն պատճառով, որ կառավարելու հմտություններ չունեն, այլ որովհետև չունեն շքեղ առանձնատուն, շահութաբեր բիզնես ու «ավտորիտետ» ընկեր: