211652_close_icon
views-count1654 դիտում article-date 15:35 18-04-2014

Տարոն Մարգարյանը հանդիպել է «Երևան Ջուր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռոստիսլավ Չապմանին

Մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Երևան Ջուր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռոստիսլավ Չապմանի հանդիպման ընթացքում: Ընդգծելով մայրաքաղաքում ջրամատակարարման որակի ապահովման կարևորությունը՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ պետք է հետևողականորեն շարունակել այդ ուղղությամբ իրականացվող բարելավման աշխատանքները. «Երևանցիների համար անխափան և որակյալ ջրամատակարարման ապահովումն այսօր մեզ համար առաջնահերթ խնդիրներից մեկն է: Ինչ խոսք, վերջին տարիների ընթացքում իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք զգալիորեն բարելավել են մայրաքաղաքի ջրամատակարարման որակը: Սակայն այսօր դեռևս առկա են գրաֆիկի հետ կապված խնդիրներ և պետք է աշխատենք հասնել այնպիսի արդյունքի, որ Երևանում շուրջօրյա անխափան ջրամատակարարում ապահովվի և որ ամենակարևորն է՝ երևանցիները գոհ մնան մատուցվող ծառայություններից»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Անդրադառնալով հատկապես բազմաբնակարան շենքերի բնակիչների կողմից բարձրացվող հարցերին՝ Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, ուսումնասիրել առաջադրվող բոլոր խնդիրներն ու քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ. «Բնակիչների հետ հանդիպումների շրջանակում հաճախ եմ առիթ ունենում անձամբ տեղեկանալու բոլոր այն խնդիրներին, որոնք բարձրացվում են նրանց կողմից: Եվ պետք է ասեմ, որ քիչ չեն նաև ջրամատակարարման հետ կապված հարցերը: Գուցե դրանք նաև մասնակի լուծում ենթադրող են, բայցևայնպես անհրաժեշտ է դրանց նկատմամբ ևս լինել առավել ուշադիր: Ըստ այդմ, վստահ եմ, որ ստեղծված աշխատանքային խումբը առավել համակողմանի կծանոթանա ու կվերլուծի բնակիչների կողմից բարձրացվող հարցերն ու կառաջարկի արդյունավետ լուծումներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ «Երևան Ջուր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռոստիսլավ Չապմանն էլ իր հերթին գոհունակություն է հայտնել համատեղ արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ «Երևան Ջուր» ընկերությունը ևս պատրաստակամ է հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հարցում. «Մենք պարտավորված ենք կյանքի կոչել Երևանի ջրամատակարարման բարելավմանն ուղղված բոլոր այն ծրագրային դրույթները, որոնք ամրագրված են Երևանի ջրային համակարգերի վարձակալության պայմանագրում: Բացի այդ, մենք պատրաստակամ ենք նաև լրացուցիչ աշխատանքներ իրականացնել, որպեսզի բնակիչները գոհ մնան մատուցվող ծառայությունների որակից: Պետք է նաև նշեմ պարոն քաղաքապետ, որ ընկերությունն այսօր քայլեր է ձեռնարկում ավելացնելու ներդրումների ծավալները, որպեսզի շահագործման ոլորտում և ներքին ցանցերի արդիականացման ուղղությամբ էլ ավելի ծավալուն աշխատանքներ տարվեն»,- նշել է Ռոստիսլավ Չապմանը: Շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ «Երևան Ջուր» ընկերությունն իսկապես վստահելի գործընկեր է:

Նմանատիպ նյութեր