211652_close_icon
views-count2272 դիտում article-date 16:15 14-04-2014

Տարոն Մարգարյանը հանձնարարել է 2014 թ-ի կապիտալ վերանորոգման ենթակա փողոցների ցանկը նախապես տրամադրել «Երևան Ջուր», «Երևան գազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, նախքան օրակարգային հարցերին անցնելը, շնորհակալություն է հայտնել աշխատակազմի բոլոր ստորաբաժանումներին՝ ապրիլի 12-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը հավուր պատշաճի կազմակերպելու և անցկացնելու համար: Քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն պետական և մասնավոր կառույցներին, որոնք ակտիվորեն մասնակցել են իրականացված աշխատանքներին: Խորհրդակցության շրջանակում մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների հետ կապված՝ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ 2014-ի կանաչապատման ծրագրերի շրջանակում արդեն իսկ մեկնարկել են ոռոգման ցանցերի անցկացման աշխատանքները: Զուգահեռ զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններում իրականացվում է ճմապատում և կրապատում, շարունակվում է նաև ծառերի սանիտարական էտը: Քաղաքապետը հանձնարարել է մինչև մայիսի 1-ը շարունակել մայրաքաղաքում ծառատունկերի կազմակերպումը՝ զուգահեռ տեղերում կազմակերպելով նաև տարածքների մաքրման աշխատանքներ: Տարոն Մարգարյանը հանձնարարել է 2014 թվականի կապիտալ վերանորոգման ենթակա փողոցների ցանկը նախապես տրամադրել «Երևան Ջուր», «Երևան գազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին՝ իրենց տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքները նախքան քաղաքապետարանի կողմից ասֆալտապատման ծրագրերի մեկնարկը կազմակերպելու և իրականացնելու համար: Նախկինում կառուցված օբյեկտների մուտքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հարմարեցնելու նպատակով սեփականատերերի կողմից թեքահարթակների կառուցման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ գույքագրումից և մասնավոր կառույցների հետ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո արդեն իսկ 40 օբյեկտների մուտքերը ներկառուցվել են թեքահարթակներով: Աշխատանքներում ակտիվորեն ներգրավված են նաև շահառու կազմակերպությունները: Անդրադառնալով քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների և քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ ներկայացվող եռամսյակային հաշվետվություններին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ պետք է մանրամասնորեն ներկայացվեն հաշվետվու ժամանակահատվածում կատարված աշխատանքների հաշվետվությունն ու ըստ այդմ նաև խիստ հսկողություն սահմանել ծրագրված աշխատանքները ողջ ծավալով իրականացնելու ուղղությամբ: «Համայնքային բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների գործունեության նկատմամբ մենք պարտավոր ենք խիստ հսկողություն սահմանել, ու հատկապես խստորեն վերահսկել ֆինանսական մուտքերն և ծախսերը, որպեսզի հասկանալի լինի, թե որքանո°վ են կարողանում ապահովել տարեկան նախանշված ցուցանիշները: Մեզ համար պարզապես անընդունելի է, երբ համայնքային բյուջեից գումարներ ենք հատկացնում այս կամ այն ոլորտում նախատեսված աշխատանքների իրականացման համար, սակայն տարեվերջին որոշ կազմակերպություններ հաշվետվություններ են ներկայացնում, որ պարտքեր ունեն: Մինչդեռ ունենք նաև կազմակերպություններ, որոնք ոչ միայն պարտքեր չեն կուտակում, այլև կարողանում են տարին փակել որոշակի տնտեսումներով: Եվ հատկապես այս տեսանկյունից մենք պետք է լրջորեն ուսումանասիրենք մեր ենթակայության այն կառույցների աշխատանքը, որոնք պարտքեր են կուտակում, և փորձենք հասկանալ, թե ինչի արդյունք է այն: Ըստ այդմ, պետք է վերլուծենք տվյալ կառույցներում իրականացվող աշխատանքի արդյունավետությունն ու անհրաժեշտության դեպքում նաև վերանայենք տվյալ աշխատանքների պատասխանատուների հետ աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Իսակով-Լենինգրադյան նոր կառուցվող ավտոճանապարհի հարակից տարածքների կանաչապատման աշխատանքների մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է այդ աշխատանքներում ներգրավել վարչական բոլոր շրջանների կանաչապատման ձեռնարկությունները և աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում: Նախկին թիվ 2 շուկային («Տաշիր» ա/կ-ի հարևանությամբ) հարակից մսամթերքի վաճառքի տաղավարների տարածքում պատշաճ սանիտարական վիճակի ապահովման նպատակով քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և ՀՀ ԱՆ հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության հետ համատեղ կազմակերպել ու իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ: Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են Արաբկիր, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա և Նոր Նորք վարչական շրջաններում շախմատի դպրոցների ստեղծման աշխատանքները: Այդ նպատակով ամբողջությամբ պատրաստ են նախագծանախահաշվային բոլոր փաստաթղթերը: Որոշ տեղերում արդեն մեկնարկել են շինարարական բուն աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները կազմակերպել այնպես, որ նոր ուսումնական տարվան՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ, դրանք ավարտված լինեն, և երեխաները հնարավորություն ունենան հաճախելու շախմատի դպրոցներ: Խորհրդակցության ավարտին շարունակվել է ըստ ոլորտների քաղաքապետարանի կառուցվածքային որոշ ստորաբաժանումների 2014 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքների հաշվետվությունների ներկայացումը: Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը մասնավորապես ներկայացրել է առողջապահության, առևտրի և սպասարկումների, արտաքին ձևավորման և գովազդի, ինչպես նաև «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի ու առաջին և զորակոչային հարցերի կազմակերպման բաժնի կողմից իրականացված աշխատանքների հաշվետվությունը: Այնուհետ Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը ներկայացրել է քաղաքաշինության ոլորտում իրականացված աշխատանքների հաշվետվությունները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական, անշարժ գույքի կառավարման, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների պետերն էլ ներկայացրել են իրենց կողմից համակարգվող ոլորտներում այս տարվա առաջին եռամսյակում կատարված աշխատանքների հաշվետվությունները: Ներկայացված բոլոր հաշվետվություններն ընդունվել են ի գիտություն:

Նմանատիպ նյութեր