211652_close_icon
views-count1119 դիտում article-date 12:00 18-04-2014

«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի մասնագետները եղան Արցախում

ԼՂՀ առողջապահության նախարարության հրավերով երկօրյա աշխատանքային այցով հերթական անգամ Ստեփանակերտ է ժամանել «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի ղեկավար Խաչանուշ Հակոբյանը, կենտրոնի մասնագետներ`գինեկոլոգ ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը և բժիշկ ռադիոլոգ Հովհաննես Վարդևանյանը: Վահե Տեր-Մինասյանն իրականացնում է կանացի ներքին օրգանների նախաքաղցկեղային ախտորոշումներ, քսուքի հյուսվածքաբանական հետազոտություն, իսկ Հովհաննես Վարդևանյանը` կրծքի մամոգրաֆիա, կրծքագեղձի ու ավշային հանգույցների, ինչպես նաև վահանագեղձի սոնոգրաֆիա: Նրա խոսքով` ներկա այցի նպատակը հենց կրծքագեղձի, վահանագեղձի և արգանդի վզիկի հիվանդությունների վաղաժամ երևակման համար սկրինինգ հետազոտության անցկացումն է, ախտորոշումն ու խորհրդատվությունը: Բժիշկ ռադիոլոգի փաստմամբ` ընդունելության առաջին չորսուկես ժամում իրականացված 50 հետազոտությունները ցույց են տվել, որ վահանագեղձի խնդիրները նույնիսկ ավելի քիչ են տարածված, քան` կրծքագեղձինը: Քաղցկեղ դեռ չի հայտնաբերվել, սակայն եղել է երեք այցելու, որոնք ունեցել են կրծքագեղձի ռադիկալ մաստէկտոմիա վիրահատություն և բարեբախտաբար` կրծքագեղձի քաղցկեղի հետ կապված ռեցիդիվ չի նկատվել: Սկրինինգի համար հերթագրվածների թիվն անհամեմատ մեծ է, և նրանց հետ աշխատանք է տարվում լայն թափով: Սկրինինգն իրականացվում է ԼՂՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում: «Մենք շատ ենք կարևորում այս համագործակցությունը, որովհետև այն գործնականորեն նպաստում է կանանց շրջանում, ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերմանը և այդ ուղղությամբ մասնագիտական առաջավոր փորձի փոխանակմանը: Արդեն մեկ տարի է` մենք ինքներս էլ մեր կենտրոնում կիրառում ենք այսպես կոչված ՊԱՊ-անալիզի (արգանդի վզիկի հետազոտություն) մեթոդը, և դա զգալի առաջընթաց է հաղորդում գործին»,- նշել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի գործադիր տնօրենի` ամբուլատոր պոլկլինիկական գծով տեղակալ Էդուարդ Ղահրամանյանը:

Նմանատիպ նյութեր