ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. Mercedes-ը «մագլցում» է ծառի վրա
                        [b]SHAMSHYAN.com[/b]-ը  ներկայացնում է [b]ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ[/b], թե ինչպես է ապրիլի 7-ին Երևանում Սայաթ Նովա պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցել խոշոր ավտովթարը որի ժամանակ Mercedes-ի վարորդը ավտոմեքենայով բախվել  Toyota Corolla մակնիշի ավտոմեքենային,  կոտրել խաչմերուկը կարգավորող լուսակրին, այնուհետև հարվածել ճամփեզրին տեղադրված աղբամանին, իսկ հետո պոկել ու արմատախիլ արել հաստաբուն ծառն ու վերջում Mercedes-ով մագլցել ծառի վրա: 
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/10019/1404071046006/]վթարի վայրից հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Սայաթ Նովա պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկում ավտովթար էր տեղի ունեցել: 
Վթարի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները պարզել էին, որ այդ ժամին նշված հատվածում բախվել էին Երևան քաղաքի Աղյուսագործների փողոցի բնակիչ, 29-ամյա Արսեն Նոր-Պարոնյանի վարած Mercedes մակնիշի 34 DP 506 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ, 24-ամյա Սերգեյ Մեսրոպյանի վարած Toyota Corolla մակնիշի Լ 4042 համարանիշի ավտոմեքենաները: 
Վթարի հետևանքով Corolla-ի վարորդ Ս. Մեսրոպյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բախման հետևանքով Mercedes-ը հարվածել էր խաչմերուկը կարգավորով լուսակրին, այնուհետև հարվածել ճամփեզրին տեղադրված աղբամանին, իսկ հետո պոկել ու արմատախիլ արել հաստաբուն ծառն ու կիսով չափ «մագլցել» ծառի վրա: 
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: 
Վթարի վայր էին ժամանել նաև նույն բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարիտիրոսյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի օգնությամբ տեղափոխվել էին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: 
Ֆոտոլրագրողը հայտնել  էր նաև, որ դեպքի վայրում հավաքվածներն ասել էին. «Վթարից հետո Mercedes-ի վարորդը իրեն պահել է լկտի, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հավաքվածների նկատմամբ, իսկ երբ ճանապարհային ոստիկանները փորձել են կարգի հրավիրել նրան, սկսել է հայհոյանքներ տալ վթարի մեջ հայտնվածին և ոստիկաններին, ինչի համար էլ ոստիկանության Կենտրոնի բաժնի պարեկապահակային ծառայության և նույն բաժնի պահպանության աշխատակիցները նրան տեղափոխել են Կենտրոնական ոստիկանություն: Իսկ երբ փորձել են նրան ենթարկել բժշկական փորձաքննության ՝ պարզելու սթափության աստիճանը, նա հրաժարվել է»: 
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ ոստիկանությունը   պարզել էր, որ նա մի քանի անգամ «հանգրվանել» է ոստիկանությունում՝ նախկինում իր կողմից կատարված մի քանի հանցագործությունների, այդ թվում՝ գողությունների համար: 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


