1371 դիտում
12:14 10-04-2014
ՀՀ ԱԺ կներկայացվեն ԵԽ կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի առաջարկությունները
ՀՀ կառավարության այսօրվա նիստը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը: Նիստում գործադիրը հավանություն է տվել ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որը մշակվել է ի կատարումն Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) առաջարկության: ՀՀ ընտրական օրենսգիրքը չի սահմանում կառուցակարգ առ այն, որ կուսակցության ներկայացրած հաշիվները չի վերանայի նույն կուսակցության ներկայացրած աուդիտորը: ԳՐԵԿՈ-ն Հայաստանի իշխանությանը կոչ է արել մինչև 2014թ. հունիսի 30-ը վերանայել համապատասխան նորմերի բովանդակությունը: Եվ ահա ՀՀ ընտրական օրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ մասում առաջարկվում է ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Սույն մասում նշված աուդիտորների վերահսկողական իրավասությունը չի տարածվում իրենց նշանակած խմբակցությունների մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ»:
Կառավարության հավանությունն է ստացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու ևս մի օրինագիծ, որը նույնպես առաջարկվել է ԳՐԵԿՈ-ի կողմից: Հաշվի առնելով քաղաքական ֆինանսական բնույթի իրավախախտման առանձնահատկություններն ու բացահայտման բարդությունը և դրանով պայմանավորված մեկ տարվա վաղեմության ժամկետ նախատեսելու աննպատակահարմարությունը, առաջարկվում է նախատեսել վարչական պատասխանատվության ենթարկվելու երկու տարվա վաղեմության ժամկետ:
Նիստում հավանություն է տրվել «Այլընրանքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրինագծին, որի ընդունմամբ կհստակեցվի այլընտրանքային ծառայության դիմումի ներկայացման ժամկետի և դրա քննարկման արդյունքով զորակոչիկի կարգավիճակը: Դա էլ իր հերթին կնպաստի այլընտրանքային ծառայության կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունների լիարժեք կարգավորմանը:
Նիստում հավանության է արժանացել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որով հաշվի առնելով գործուն զղջալու ինստիտուտի կիրառման սահմանները հստակեցնելու պահանջը, ինչպես նաև այս խնդրի առնչությամբ առկա միջազգային փորձը՝ առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան դրույթներում ամրագրել որոշակի և անհրաժեշտ այնպիսի պայմաններ, որոնք համակցությամբ բավարար են գործուն զղջալու պաշտպանության միջոցի կիրառության համար: Օրինագծի ընդունման դեպքում քրեական պատասխանատվությունից ազատելու իրավասություն ունեցող մարմինը հնարավորություն կունենա առևտրային կաշառք, կաշառք կամ ապօրինի վարձատրություն տվող անձին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը լուծել հստակեցված չափանիշների հիման վրա. դա իր հերթին կնպաստի նշված իրավիճակներում գործուն զղջալու ինստիտուտի արդյունավետ կիրառությանը:
Կառավարությունն իր որոշումներով անհետաձգելի է համարել վերը նշված օրենքների նախագծերը, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Նմանատիպ նյութեր
3416 դիտում
17:08 27-04-2017
Տաջիկստանում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել են կոռուպցիայի դեմ պայքարի վարչության 17 անդամները
1350 դիտում
19:48 25-08-2022
«Սա կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի անընդունակությունն է և կոռուպցիայի օրինականացում». ՔՈ կուսակցություն
967 դիտում
17:57 04-08-2023
Քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգային հարցերը
Այս բաժնից
565 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
841 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
481 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան