211652_close_icon
views-count3148 դիտում article-date 23:00 04-04-2014

Թափանցիկ բարքեր

Ժողովրդավարական համակարգում կառավարության փոփոխությունը քաղաքական վարքաբանության խնդիր չի առաջացնում: Ընտրությունների արդյունքում կառավարության թարմացումը կամ փոփոխությունը, ինչպես նաև վարչապետի հրաժարականից հետո կառավարության թարմացումը կամ փոփոխությունը ֆորս մաժոր չի համարվում, որովհետև կառավարության թեկուզ անակնկալ փոփոխությունը ժողովրդավարական համակարգի բնորոշ երևույթ է: Ժողովրդավարական քաղաքական համակարգի խնդիրներից է քաղաքական միավորների և կառույցների կայացածությունը, նրանց դինամիկ ժողովրդականությունը, թափանցիկությունը: Այսինքն քաղաքական գործչի կերպարը օրինակելի է անկախ իրենից և իշխանությանը ենթակա մարդկանցից: Եթե ղեկավարն անտրամաբանական վարք է դրսևորում, ապա այդ վարքն ընդօրինակում են հասարակության անդամները: Եթե նա արհամարում է օրենքը կամ ժողովրավարական արժեքները, ապա քաղաքացին նույնպես արհամարում է դրանք: Իսկ երբ խնդիր է առաջանում առողջացնել համակարգը, ապա քաղաքական գործիչը երբեմն շուռ է գալիս և մեղադրում ժողովրդին, իբր համակարգում առկա արատավոր երևույթները գալիս են ժողովրդից՝ նրա մենթալիտետից, նրա մենթալ կոդից: Ժողովրդի հասցեին այս հանիրավի մեղադրանքներն ամբողջովին անհիմն են: Այդ պատճառով այդպիսի ճարպկամտությունն այսօր չի անցնում: Սակայն դեռևս շրջանառության մեջ է ամբոխի նկատմամբ բացասական վերաբերմունքը, իբր ժողովուրդը լավն է, իսկ ամբոխը վատը: Կամ մարդիկ առանձին-առանձին վերցրած լավն են, սակայն ամբոխը բացասական երևույթ է: Ամբոխի այդպիսի սահմանումները նույնպես իրականության հետ առնչություն չունեն: Իրականում ամբոխը մարդկանց այն խումբն է, որը դրսևորում է հավաքական քաղաքական կամք և դրան համապատասխան վարք: Այսինքն հրապարակում հավաքված հանրահավաքի մասնակիցները, համագումարի դահլիճում հավաքված կուսկացական պատվիրակները ամբոխ են, որովհետև դրսևորում են հավաքական քաղաքական կամք և դրան համարժեք վարք: Այսպիսով ամբոխը բնավ բացասական երևույթ չէ ժողովրդավարական համակարգում: Ընդհակառակը՝ ամբոխը ժողովրդավարական համակարգի բնորոշ երևույթ է, ինչպես կառավարության պարբերական փոփոխությունները: Ավելին՝ կառավարության փոփոխությունը կարող է տեղի ունենալ նաև ամբոխի հրապարակային պահանջով: Եվ դա նույնպես օրինաչափ երևույթ է համարվում ժողովրդավարական համակարգում: Ժողովրդավարական համակարգում քաղաքական վարքաբանության խնդիր է ավելորդ գաղտնապահությունը: Այսինքն քաղաքական գործողությունների, քայլերի, որոշումների թափանցիկությունը ուղիղ համեմատական է նրա վարկանիշին՝ ժողովրդականությանը: Եթե վարչապետը հրաժարական է տալիս, ապա նա և նրա թիմը լիարժեք և ճշմարտապես պարզաբանում են հրաժարականի պատճառները, հիմքերը: Հակառակ դեպքում հրաժարականը վերածվում է ողբերգության, այսինքն՝ հեռացողը դառնում է քաղաքական դիակ: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր