Մոսկվայում ավարտվել է Հրաչյա Հարությունյանի դեմ հետաքննությունը. նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում
Ռուսաստանի Դաշնության ոստիկանությունն ավարտել է Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով հարուցված քրեական գործի հետաքննությունը:
ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ հետաքննությունն ուղարկվել է դատախազություն:
Հետաքննությունը գտել է, որ բեռնատարը համապատասխան սպասարկում չի անցել. գտնվել է տեխնիկապես անսարք վիճակում, իսկ արգելակները գրեթե չեն գործել:
Ինչպես նշել է հետաքննությունը, Հ. Հարությունյանը պետք է տեղյակ լիներ բեռնատարի անսարքության մասին: Այժմ նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում: Ռուսաստանում սա 2 կամ ավելի զոհերով ՃՏՊ-ի համար գործող առավելագույն ժամկետն է, եթե վարորդը եղել է սթափ:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 13-ին Հ. Հարությունյանը իր կողմից վարած Կամազ մակնիշի բեռնատարով բախվել էր Մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքից Կուրիլովո մեկնող 64 ուղևորով ավտոբուսին: Վթարի հետևանքով զոհվել էր 18 մարդ, 40-ը ստացել մարմնական վնասվածքներ: