Կոտայքի մարզի ոստիկանները հայտնաբերել են Բալահովիտ գյուղում մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդին
                        Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Կոտայքի բաժնի, նույն բաժնի քննչական բաժանմունքի ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ մարտի 29-ին Կոտայքի մարզում մահվան ելքով վրաերթը կատարել է Աբովյան քաղաքի Էներգետիկայի քոլեջի հանրակացարանի բնակիչ Արտյոմ Մեհրաբյանը: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բացատրական աշխատանքների արդյունքում մարտի 29-ին Կոտայքի ոստիկանություն է մեղայականով ներկայացել Ա. Մեհրաբյանը և խոստովանել, որ վրաերթը կատարել է ինքը, իր վարած Opel մակնիշի 35 VՍ 357 համարանիշի ավտոմեքենայով: 
Քննիչի կողմից Ա. Մեհրաբյանն այս պահին ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Կոտայքի բաժին ժամանակավոր պահման վայր:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/1403292131166/]դեպքի վայրից հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, մարտի 29-ին, վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Աբովյան ավտոճանապարհին՝ Բալահովիտ գյուղում՝ գնացքի գծերի մոտ, վրաերթի էր ենթարկել հետիոտին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի: 
Հետիոտնը տեղում մահացել էր: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ Կոտայքի բաժնի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էմիլ Մարգարյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: 
Օպերատիվորեն ժամանել էին նաև Աբովյանի հիվանդանոցի հերթապահ խումբը: Վրաերթի վայրում աշխատել էին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննական բաժանմունքի քննիչները և փորձագետը: 
Օպերատիվ քննչական խումբը պարզել էր, որ վրաերթի հետևանքով մահացածը Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 25 շենքի բնակչուհի, 60-ամյա Կարինե Աղաբաբյանն էր, ով աշխատում էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում որպես հերթապահ կարգավար:  
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


