211652_close_icon
views-count1737 դիտում article-date 18:30 28-03-2014

Կեղծ դեմքի փոքր օգուտը հղի է մեծ վնասով

Չկա մի երկիր, որի հնարավոր հայրենասեր քաղաքական, կամ հասարակական գործչին չանհանգստացնի իր հայրենիքում լուծարվող ընտանիքների խնդիրը: Մեր կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ, ի թիվս այլ բազմաթիվ գործոնների, ընտանիքի քայքանման պատճառներից մեկը ամուսինների չափից ավելի «խնամված»-շպարված լինելն է: Առաջին հայացքից այս անշառ, երբեմն կարևոր ու օգտակար երևույթը, շատ հաճախ, «տուն է քանդում»: Դժվար, թե մի կին հստակ ու ճշգրիտ կարողանա ասել, թե ինչու է շպարվում. սա նույնն է, որ ոչ մի ծխող, հարբեցող, թմրամոլ… երբեք չի կարող հստակ ասել, թե ինքն ինչո՛ւ է կատարում այդ արատավոր արարքը… Սա, ի՛հարկե, անվերապահորեն վերաբերում է նաև բոլոր «շպարվող» տղամարդկանց: Երևի, երբ Ֆ. Նիցշեն ասում էր, թե կանայք շպարվում են, որպեսզի իրենց երկրորդականությունն ընդգծեն, այդ ժամանակ կամ դեռ Նիցշեին չէր հանդիպել շպարվող տղամարդ, կամ Նիցշեն այս վերջիններին տղամարդ չէր համարում, և կամ էլ մեկ այլ պատճառ էր տեսնում տղամարդկանց շպարվելու համար, ի հակադրություն կանանց շպարվելուն: Թերևս շատերը համաձայն կլինեն, որ կարելի է օգտվել կոսմետիկայից, բայց չափը պահելով: Միայն թե` շատ քչերը գիտեն, որ չափի փաը դեռ ոչ մեկին հայտնի չէ: Եվ այս անչափություն էլ բերում է հուսախաբ եղած, նորաստեղծ ընտանիքների կազմալուծմանը: Ոչ ոք չի հերքի այն ակնհայտ փաստը, որ ներկայիս դիմահարդարները հրաշքներ են գործում և տգեղից ստանում, ամենաքիչը, ոչ-տգեղ, ոչ-տգեղից գեղեցիկ և գեղեցիկից կատարյալ դեմքեր: Իսկ ներկայիս, մրցակցային հոգեկան վիճակում գտնվող, երիտասարդությունը նախընտրում է «ամենա, ամենա, ամենա»-ն: Եվ, հայտնի, մեկ ամսյակից հետո, ամուսինները պարզում են, որ իրենց ընտրյալները կատարյալ չեն, որոշ ժամանակ հետո, հասկանում են, որ ընտրյալները գեղեցիկ էլ չեն, ավելի ուշ էլ պարզվում է, որ ընտրյալները տգեղ են: Այս գործընթացը երբեմն տևում է ընդամենը մի քանի օր կամ` ժամ: Ուստի և, վրա են հասնում կենցաղային պատերազմները, որոնք արևելյան պատերազմի պես նենգ են ու հարատև: Մեծագույն լրջությամբ քննվում է հարցը, թե ինչո՞ւ բաժակը նախատեսված տեղում չէ, սակայն, իրականում, բաժակի տեղի լրջությունը բխում է կատարելության կորստից: Ահա, թե ինչո՛ւ է «հարևանի հարսը միշտ ավելի լավը»: Հարևանին միշտ հանդիպում են, երբ հարեևանը (ուհին) իր սեփական դեմքը ջնջել է և վրան նկարել տվել Մոնա Լիսայի չքնաղ դիմապատկերը: Այսպիսով, հավանում են ոչ թե պոտենցյալ ընտրյալի գեղեցկությունը, այլ դիմահարդարի վարպետությունը, իսկ հետո… հետո բազմաթիվ անգամ տեսնում իրական այն դեմքը, որը բավական հեռու էր ընտրված նկարից: Համարյա` «Խաթա բալա»: Այս ամենից խուսափելու համար, հարկավոր է մարդկությանը ներկայանալ հնարավորինս բնական կերպարանքով: Այն, ինչ, որ եք, այլ` ոչ այն, ինչ, որ երազում եք լինել: Այսպես, բացի այն մեծ օգուտը, որ ձեզ սիրողը, հենց ձեզ կսիրի, նաև կհաղթահարեք թերաժեքության բարդույթը, որից ելնելով էլ ձեր տեսքը ձեզ պակասավոր է թվում և ուզում եք ավելի լավը նկարել: Դեռ ոչ ոք չգիտե, թե մարդ ինչո՛ւ է սիրում հենց այն մեկին, ում սիրում է. շատ հավանական է, որ դրա հետ տեսքը չնչին կապ ունենա կամ չունենա ընդհանրապես: Եվ ամեն դեպքում, երբ դուք ձեր սփական դեմքով եք, թե՛ ձեզ սիրողը և թե՛ ատողը անկեղծ ու իսկական կլինի: Թուլ տվեք մարդկանց անկեղծ լինել… ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Նմանատիպ նյութեր