211652_close_icon
views-count1422 դիտում article-date 11:55 28-03-2014

Համամարդկային արժեքները մեզ օգուտ չեն բերել. Ռուբեն Հակոբյան

Այսօր Հայաստանը պետք է առաջնորդվի իր ազգային պետական շահերով, ոչ թե համամարդկային, որը մեզ երբեք օգուտ չի բերել: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ խոսելով Ուկրաինայի ամբողջատիրության դեմ Հայաստանի քվեարկությունից: «Վարչությունում այդ հարցը չենք քննարկել: Ես կասեմ իմ անձնական կարծիքը. պետությունը առաջնորդվել է պետության շահերով: Կարող եք զարմանալ, քանի որ կարող էր նաեւ ձեռնպահ մնալ: Այդ նույն Ուկրաինան, ԱՄՆ-ն, Եվրոպան հստակ տեսնում են, թե ինչ է կատարվում Արցախում: Այդ նույն Եվրոպան ճանաչեց Կոսովոյի անկախությունը: Ստեղծվել է մի իրավիճակ, որ պետությունները առաջնորդվում են իրենց շահերով, բայց, չգիտես ինչու, մենք պետք է առաջնորդվենք համամարդկային շահերով: Բրյուսելում, երբ բարձրաստիճան չինովնիկին հարցրեցի, թե ինչու Կոսովոյի անկախությունը ճանաչեցիք, իսկ Արցախինը՝ ոչ ասաց, որ նույն խնդիրն է, բայց Կոսովոն Եվրոպայի կենտրոնում էր եւ ամեն օր էինք զգում արյան համը»,-ասաց Ռուբեն Հակոբյանը: Ինչպես նաեւ ավելացրեց, որ իր համար անբացատրելի կլիներ, եթե Հայաստանը կողմ քվեարկեր: Անդրադառնալով Ուկրաինայի հայ համայնքին՝ ասաց .«Իրավիճակն այնպիսին է, որ աշխարհի բոլոր պետություններում համայնք ունենք: Այս իրողությունը պետք է հաշվի առնենք անշուշտ: Բայց ավելի մեծ շահ էլ կա. դա մեր պետության շահն է»: Խոսելով Քեսաբի մասին՝ ասաց, որ չունենք մի համազգային ծրագիր, որով կկարողանանք ներկայացնել պետության եւ ամբողջ հայության շահը:

Նմանատիպ նյութեր