22927 դիտում
10:21 28-03-2014
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում, BMW-ն մխրճվել է բարձր լարման էլեկտրասյան մեջ. վարորդը հիվանդանոցում մահացել է. ֆոտոռեպորտաժ
Այսօր՝ մարտի 28-ին,ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում, ճանապարահային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Արարատի մարզի Ոսկու կորզիչ ֆաբրիկա (ԶՕԴ) Բանավանի ճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ 55-ամյա Լևոն Սարգսյանը իր կողմից վարած BMW մակնիշի 34 DՏ 839 համարանիշի ավտոմեքենայով Արարատ քաղաքի Բանավան թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում մխրճվել բարձր լարման էլեկտրասյան մեջ: Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել Արարատի հրշեջ փրակարարներն ու քաղաքացիները և օպերատիվորեն վթարի վայր ժամանած Արարատի հիվանդանոցի հերթապահ խումբը ՃՈ վաշտի և դասակի հրամանատարների ուղեկցությամբ վարորդին տեղափոխել են Արարատի հիվանդանոց:
Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ քիչ առաջ վարորդը գիտակցության չգալով մահացել է:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարարական ջոկատը, ովքեր մեծ դժվարությամբ հատուկ ճոպանների միջոցով ավտոմեքենան դուրս բերեցին էլեկտրասյան միջից և այն քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Արարատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանմունքի քննիչ Սասուն Զոհրաբյանը , ում կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+