211652_close_icon
views-count12392 դիտում article-date 12:17 27-03-2014

Վանաձորի կադաստրի նախկին պետը փորձում էր մոլորեցնել ոստիկաններին, թե վայր է ընկել Ղշլաղի կամրջի մոտ, իսկ ոստիկանությունը պարզեց իրականությունը. նա ենթարկվել էր ավազակային հարձակման

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի (ավազակային հարձակումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քր.գործը հարուցվել է մարտի 26-ին՝ Լոռու մարզի Դարպաս գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման փաստով: Այդ օրը Վանաձորի բժշկական կենտրոնից հայտնել էին ոստիկանության Գուգարքի բաժին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Ստեփանյան փողոցի բնակիչ, 53-ամյա Գերասիմ Անդրեասյանը: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արտակ Կարապետյանին, ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Արթուր Շահվերդյանին և նույն բաժնի քննչական բաժանմունքի պետ Արամ Ավագյանին վերջինս հայտնել էր, որ վնասվածքները ստացել է Ղշլաղի կամրջի մոտ ընկնելու հետևանքով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գ. Անդրեասյանը, ով Վանաձորի կադաստրի նախկին պետն է եղել, մինչ կփորձեր ոստիկաններին մոլորության մեջ գցել, ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Գուգարքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ 3-4 անհայտ անձինք ավազակային հարձակման են ենթարկել Գ. Անդրեասյանին: Կպչուն ժապավենով նախ կապելով նրա ձեռքերն ու բերանը՝ այնուհետ՝ ծեծի ենթարկելով՝ նրանից պահանջել և ստացել են իր մոտ եղած 4,700 ԱՄՆ դոլարը, որը նա առավոտյան պետք է վճարեր բանկում՝ վարկի դիմաց, այնուհետ նրան սպառնացել և պահանջել են, որ հաջորդ օրը՝ առավոտյան, պետք է ևս 70 հազար ԱՄՆ դոլար թողնի տան մուտքի մոտ, որպեսզի իրենք վերցնեն այն: Գ. Անդրասյանը Վանաձորում ունի նաև անշարժ գույքի գործակալություն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Անդրեասյանի հետ այդ պահին եղել է նաև մի կին: Ի դեպ, տեղեկությունները, որ ավազակային հարձակման ժամանակ հնչել են կրակոցներ, չի համապատասխանում իրականությանը: Այս պահին Լոռու մարզում են գտնվում ոստիկանության քրեական հետախւզության և քննչական գլխավոր վարչությունների օպերատիվ խմբերը:

Նմանատիպ նյութեր