Եղվարդ-Երևան ավտոճանապարհին, ՀՀ ՊՆ N զորամասի դիմաց բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ մարտի 25-ին,  ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում,  Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում ՀՀ ՊՆ N  զորամասի դիմաց բախվել են Աշտարակ քաղաքի բնակիչ  25-ամյա Տիգրան Մանուկյանի վարած Volkswagen մակնիշի 34 DL 129 համարանիշի  և  Եղվարդ քաղաքի բնակիչ 24-ամյա Անդրանիկ Չոբանյանի վարած Mercedes  մակնիշի 29 ՊՕ 304 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Եղվարդ քաղաքի Նաիրի բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում, իսկVolkswagen-ը կողաշրջվել է: Վարորդներին առաջինը օգնություն են ցուցաբերել զորամասի ծառայողները, ովքեր դարձի են բերել Volkswagen-ը,  որից հետո կարողացել են ավտոմեքենայից դուրս բերել վարորդին: 
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Եղվարդի հիվանդանոցի հերթապահ խումբը և Նաիրի ինշուրանս ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: 
Վթարի վայր են ժամանել  ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի  1-ին դասակի  աշխատակիցները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նարիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Սամվել Քոլայանը,  ում հանձնարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք:  Ոստիկանությունը պարզում է   վիրավորների  ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


