211652_close_icon
views-count1381 դիտում article-date 18:17 25-03-2014

Տեղի է ունեցել ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստը

Մարտի 25-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստում քննարկվեցին մերօրյա հերոսների փառաբանմանը, վերարտադրողական առողջությանը և գյուղական համայնքների խնդիրներին առնչվող անվանակարգերում ներկայացված 33 ծրագրերը։ Հանձնաժողովի անդամները նկատեցին, որ հայտերի ուսումնասիրումը ցույց է տվել, որ ծրագրերում հաճախ հանդիպում են անորոշություններ, ոչ հստակ ձևակերպումներ։ Ուստի պայմանավորվածություն ձեռք բերվեց միցույթին դիմած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար հետագայում կազմակերպել դասընթաց, որի շրջանակներում նրանց կփոխանցվեն ծրագիր ներկայացնելու հմտություններ։ Նիստում շեշտվեց, որ յուրաքանչյուր ՀԿ-ի կտրվի հստակ հիմնավորում ինչպես դրամաշնորհային մրցույթում հաղթելու, այնպես էլ ծրագիրը մերժվելու դեպքում։ Դրամաշնորհային մրցութի հանձնաժողովի անդամ, «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն ներկայացնող Արփինե Հակոբյանը, գնահատելով ներկայացված ծրագրերը, նշեց, որ նախորդ տարվա համեմատ՝ այս տարի որոշակի դրական փոփոխություն նկատելի է. «Հիմնականում ճշգրիտ ձևակերպված է հիմնախնդիրը՝ ներկայացնելով և՜ թիրախ խմբերը, և՜ լուծումները։ Հստակ սահմանված են նաև նպատակները։ Ծրագրերում, սակայն, երբեմն չեն տարորոշված խնդիրներն ու արդյունքները։ Կարծում եմ՝ ՀԿ-ների հետ աշխատանք է հարկավոր, որպեսզի հասկանան՝ ծրագրի յուրաքանչյուր բաժնի ճիշտ ձևակերպումը։ Շատ կարևոր են նաև սահմանված վերահսկման ցուցիչները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի չափել իրականացված աշխատանքի արդյունավետությունը»։ Ինչ վերաբերում է ծրագրերի բովանդակությանը, ապա ըստ հանձնաժողովի անդամի՝ շատ էին նմանատիպ հայտերը։ Հանձնաժողովի անդամ, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվական քաղաքականության բաժնի պետի տեղակալ Հայկ Մարկոսյանը, խոսելով մերօրյա հերոսների փառաբանմանն առնչվող անվանակարգերում ներկայացված ծրագրերի բովանդակությունից, շեշտեց, որ դրանք այնքան էլ որակյալ չէին։ «Կային բացթողումներ, ներկայացված հիմնավորումները երբեմն թերի էին։ Որոշ դեպքերում ՀԿ-ների ներկայացուցիչները տվյալ ծրագրի վերնագրին, բովանդակությանը համահունչ ուսումնասիրություն չէին կատարել և տեղյակ չէին՝ տվյալ դաշտում ինչ է արվում կամ ինչ է իրականացվել մինչ օրս։ Կային ծրագրեր, որ չունեին չափելի արդյունք»,- նշեց Հայկ Մարկոսյանը։ Մրցութային հանձնաժողովի անդամ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանն էլ ընդգծեց այն փաստը, որ նախորդ մրցույթի համեմատ՝ այս տարի կտրուկ ավելացել է դիմած ՀԿ-ների թիվը։ «86 հայտ ունենալը նշանակում է, որ հասարակական աշխատանք կատարող կազմակերպությունների մոտ վերաբերմունք է փոխվել և վստահություն ձևավորվել։ 86 հայտատուների մեջ կային աշխատանքային մեծ փորձ ունեցող ՀԿ-ներ, և ուրախալի է, որ համապատասխան անվանակարգերում դիմել էին տվյալ ոլորտում մասնագիտացած կազմակերպությունները»,- ասաց Արուսյակ Պողոսյանը՝ ավելացնելով նաև, որ նման մրցույթներն օգնում են բացահայտել Հայաստանում գործող ՀԿ-ների ներուժը։ Նշենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի մրցույթի վերջնական արդյունքները հայտնի կդառնան ապրիլի սկզբին։

Նմանատիպ նյութեր