Վանաձորը կմասնակցի դրամաշնորհային մրցույթի առաջիկա փուլին
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի, Վանաձորի տեխնոպարկի ներկայացուցիչների և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ Լոռու մարզպետարանում կազմակերպվել էր կողմնորոշիչ սեմինար՝ Ձեռնարկատիրության ինկուբատոր հիմնադրամի նորարարության աջակցության Վանաձորի համաֆինանսավորման դրամաշնորհային մրցույթին առնչվող հարցերի քննարկման նպատակով:
Քննարկումը վարում էր Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը: Նշվեց, որ համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի երկու փուլերում Վանաձորից հաղթող է ճանաչվել և դրամաշնորհների է արժանացել ընդամենը 3 ծրագիր, մինչդեռ Գյումրիում՝ 5: Մասնագետների պարզաբանմամբ՝ Վանաձորը մրցույթում առավել շատ թվով հաղթողներ ունենալու շատ ավելի մեծ պոտենցիալ ունի: Այդ իսկ պատճառով մինչև մրցույթի երրորդ փուլի մեկնարկը, որը նախատեսվում է ապրիլի 17-ին, Վանաձորի տեխնոպարկի ներկայացուցիչները, մրցույթներում հաղթող ճանաչված կազմակերպությունները խորհրդատվական աջակցություն կցուցաբերեն երրորդ փուլին մասնակցելու ցանկություն հայտնած կազմակերպություններին: