Հռչակվել է «Հայոց արծիվների» երկամյա գործունեության ուղենիշը
Հռչակվել է 2014թ. մարտի 15-ին` հայրենասիրական հասարակական կազմակերպության 3-րդ համագումարում.
Առաջին` «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունն այսուհետ ևս նպաստելու է Հայաստանի Հանրապետության օրենքների և պետականամետ, հայրենապաշտ գաղափարների անշեղ ու համակողմանի իրականացմանը:
Երկրորդ` «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը մեծ եռանդով շարունակելու է համագործակցությունը պետական գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների հետ` հանուն օրինականության, ժողովրդավարության, հանուն համայնքների զարգացման ու սահմանամերձ գյուղերի ամրապնդման և հանուն ՀՀ քաղաքացիների բարեկեցության:
Երրորդ` «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունն անդուլ պայքար է մղելու հայոց գենը վտանգող արատավոր երևույթների` կոռուպցիայի, աղանդավորության, թմրամոլության, այլասերվածության դեմ:
Չորրորդ` «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը կշարունակի և կընդլայնի համագործակցությունը հայոց ազգային բանակի հետ` հանուն ազգային բանակի անընդհատ հզորացման և մեր հայրենիքի պաշտպանունակության ամրապնդման:
Հինգերորդ` «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հայկական բարձրավանդակում գործող ամենազանգվածային, ազգային-պետական-հայրենասիրական գաղափարներով առաջնորդվող հայրենասիրական շարժումն է, և մեր նպատակն է լինելու կազմակերպության շարքերն այսուհետ եւս համալրել նվիրյալ, պետականամետ ու հայրենատեր հայորդիներով:
Վեցերորդ` հայոց պետականության անընդհատ զարգացման, այդ թվում և ազգային բանակի հզորացման գործընթացներին անընդհատ մասնակցելու ժամանակ անվերապահորեն կատարել ՀՀ նախագահ ու զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հրամաններն ու որոշումները:
Յոթերորդ` «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հայ ժողովրդի պատմական հայրենիքի` հայկական բարձրավանդակի արժանավոր ժառանգորդն է և հզոր ու միասնական Հայաստանի պահանջատերն ու այդ գաղափարն իրականացնողը:
ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆ՝ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ