211652_close_icon
views-count2905 դիտում article-date 08:34 25-03-2014

Մենք կորցնում ենք Քեսաբը, բայց ախր կորցնում ենք նաև Հայաստանը. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Սիրիայի հայաբնակ Քեսաբ տարածաշրջանի փաստացի անկումը մեր գիտակցության մեջ պատմության ողբերգական էջեր է ոգեկոչում։ Քեսաբի հայությունը կրկին տնավեր եղած, կրկին գաղթականի կարգավիճակում, կրկին ստիպված է կողոպուտից ու սպանդից խուսափելու ճարահատ քայլեր ձեռնարկել, կրկին ստիպված է դիմել այս ու այն իշխանություններին, նայել Արևելք, Արևմուտք, Հյուսիս, Հարավ փրկության հույս որոնելով։ Ու սա հերթական մարտահրավերն է մտածել հայության ճակատագրի, և պատմության այն անիվի մասին, որ մեզ անընդհատ քաշում է իր մսաղացի մեջ։ Գիտենք՝ Հայաստանը ապրելու տեղ չէ։ Իսկ Ամերիկան էդպես միշտ պլպլան ու գրավիչ երկի՞ր է եղել։ Մենք էսօր Քեսաբը կորցնում ենք, բայց ախր կորցնում ենք նաև Հայաստանը։ Ավելի ենք կորցնում Հայաստանը, երբ Սիրիայի տնավեր եղած հայությունը կամ նրա զգալի մասը ապաստան է փնտրում ուր ասես, բայց ոչ Հայաստանում։ Բայց բոլորս միասին անգիր գիտենք Չարենցի խոսքերը, ով հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Հավաքական ուժը ո՞րն է. ապրիլի 24-ը Մոնտեվիդեոյում, Մոսկվայում, Թեհրանում, Աթենքում, Փարիզում ամենուր նշե՞լը։ Ոչ, իհարկե, հավաքական ուժը մեր մեկտեղվելն է Հայաստանում, Հայաստանում ապրելը։ Քեսաբի դեպքերը հերթական ահազանգ են մեզ համար, հայությունը պետք է վերադառնա Հայաստան, կենտրոնանա Հայաստանում, ապրի Հայաստանում: Այլապես Հայաստանը ստիպված է լինելու դիտորդի կարգով հետևել, թե ինչպես են տնավեր անում հայությանը, հայությունն էլ դիտորդի կարգավիճակով ստիպված է լինելու հետևել, թե ինչպես է անկում Հայաստանը։ Սա է պատմական անիվի տրամաբանությունը, ու մեզ պետք է, ուղղակի անհրաժեշտ է դուրս գալ այս տխուր, մարդակուլ անիվից»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր