1901 դիտում
14:28 24-03-2014
Բնապահպանները բաց նամակով դիմել են հանքարդյունաբերական միջազգային համաժողովին մասնակցող փորձագետներին
Հայաստանի նկատմամբ հանքարդյունաբերող ընկերությունների հետաքրքրությունը չի մարում: Մեր երկրում հանքարդյունաբերության պատասխանատու զարգացման հնարավորությունները քննարկելու համար մարտի 25-56-ը Երևանում տեղի է ունենալու միջազգային համաժողով՝ «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով: Համաժողովը կազմակերպել են Համաշխարհային բանկը և ՀՀ կառավարությունը, իսկ աջակիցներն են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), ԱՄՆ-ի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Մեծ Բրիտանիայի դեսպանատները և Կանադայի կառավարությունը։
Կարելի է ենթադրել, որ համաժողովը կազմակերպվում է այն պատճառով, որ վերջին տարիներին Հայաստանում մեծ թափ է հավաքել բնապահպանական շարժումը, բարձրացել է մարդկանց էկոգիտակցության և իրազեկման մակարդակը, ինչը խնդիրներ է առաջացրել հանրության հետ երկխոսության եզրեր գտնելու ճանապարհին։ Իրականացվել են նաև բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ, որոնք տարբեր մասնագետների և բնապահպանական շարժումների անդամների կարծիքով չեն բխում Հայաստանի և նրա ժողովրդի շահերից, իսկ Հայաստանը դրանց արդյունքում պարզապես ներկայանում է որպես «համեղ պատառ» օտար ներդրողների և տեղի շահագործողների համար:
Համաժողովը նաև միտում ունի «պատասխանատու» տերմինի միջոցով արդարացնել նորանոր մեծ ու փոքր հանքավայրերի շահագործումը մեր երկրում (Ամուլսար, Թեղուտ, Տաշտուն և այլն)։ Մենք միանշանակ հերքում ենք Հայաստանի նման փոքր երկրում այսպիսի արագընթաց տեմպերով զարգացող անվերահսկելի հանքարդյունաբերության հնարավարությունը՝ ինչքան էլ ուզում է այն համեմված լինի տարբեր գեղեցիկ միջազգային տերմիններով։ Այն արդեն շատ վայրերում առաջացրել է էկոլոգիական աղետալի վիճակ, ինչի ականատեսն են և´ տեղի բնակչությունը, և´ բնապահպանները, ինչը կարելի է ապացուցել նաև բազմաթիվ փաստերով։
Մենք մեր խոսքը չենք ուղղում հանքարդյունաբերությունը ֆինանսավորող միջազգային կազմակերպություններին, բանկերին ու մասնավոր ընկերություններին, քանի որ փորձը ցույց է տալիս, որ նրանք հետապնդում են իրենց բիզնես շահերը և, ցավոք, հաճախ կոպտորեն խախտում են իրենց իսկ հռչակած արժեքները, որոնք վերաբերում են բնության պահպանությանը, մարդկանց անվտանգությանն ու առողջությանը: Մենք մեր խոսքը չենք ուղղում նաև ՀՀ կառավարությանը, քանի որ հանրության կողմից պետական մարմիններին ուղղված բազմաթիվ ահազանգերն ու հաղորդումներն առ այսօր չեն ստացել պատշաճ պատասխան, իսկ շրջակա միջավայրի անվտանգության նկատմաբ հանցագործություններ իրականացողները չեն ենթարկվել պատասխանատվության: Մեզ մնում է դիմել համաժողովին հրավիրված փորձագետներին, որոնք, վստահ ենք, անկախ և անաչառ մասնագետներ են, և խնդրում ենք Հայաստանում հանքարդյունաբերական այսպիսի համաժողովին մասնակցելուց առաջ նախ ծանոթանալ, թե ինչպիսի գիշատիչ ձևով է իրականացվել և իրականացվում հանքարդյունաբերությունը Հայաստանում, որո՞նք են եղել դրա օգուտներն ու վնասները, և ո՞ր հանգրվանում ենք մենք գտնվում ներկայումս։
Մենք խորապես կասկածում ենք նմանատիպ համաժողովների արդյունավետությանը, քանի որ գործնականում ունենք բոլորովին այլ պատկեր, երբ հանքավայրեր շահագործելիս բացակայում է անաչառ մասնագիտական փորձաքննությունն ու պետական խիստ վերահսկողությունը, երբ բնությանն ու մարդկանց առողջությանը հասցված վնասների վերաբերյալ չի կատարվել և կարծես ցանկություն էլ չկա կատարելու լուրջ հետազոտություններ, երբ ընդունված օրենսդրական ակտերը ստեղծում են բոլոր նպաստավոր պայմանները հանքեր շահագործելու, գերշահույթներ ստանալու, հումքը Հայաստանից արտահանելու և առաջացած թույնը նրա ժողովրդին ժառանգություն թողնելու համար:
Ողջունում ենք համաժողովի կազմակերպիչների այն քայլը, որով հանրությունը և հասարակական կազմակերպությունները մասնակից են դառնում քննարկմանը: Սակայն այս մասնակցությունը չպետք է կրի ձևական բնույթ, իսկ հանրության շահն անհրաժեշտ է որոշել՝ տեսնելով հանքարդյունաբերվող տարածքների իրական պատկերը և ծանոթանալով տեղի բնակչության սոցիալական ու առողջապահական խնդիրներին:
Մենք վստահ ենք, որ որպես փորձագետներ՝ դուք ունեք անկախ մասնագիտական կարծիք և մեր պարտքն ենք համարում ձեզ ցույց տալ հանքարդյունաբերության իրական դեմքը Հայաստանում: Մեր բաց նամակին կից ներկայացնում ենք երկու տեսանյութ և ակնկալում ենք, որ դուք կծանոթանաք տեսանյութերում ներկայացված փաստերին և կփորձեք կատարել սեփական եզրահանգումները:
Ո՞վ և ինչպե՞ս է շահագործում Հայաստանի ընդերքը: Ի՞նչ բնապահպանական և առողջապահական խնդիրների է հանգեցնում հանքերի շահագործումը: Եվ, վերջապես, ի՞նչ է ստանում հայ ժողովուրդն այդ ամենից:
Նմանատիպ նյութեր
1063 դիտում
13:00 07-07-2023
Ադրբեջանական բնապահպանները դիմել են Փաշինյանին՝ կոչ անելով «անհապաղ դադարեցնել» Հայաստանում հանքերի շահագործումը
1933 դիտում
20:15 16-04-2019
Գլխավոր դատախազն ընդունել է Հակակոռուպցիոն միջազգային համաժողովի կազմակերպիչներին և միջազգային փորձագետներին
7205 դիտում
09:35 08-07-2015
Պամելա Անդերսոնը բաց նամակով դիմել է Վլադիմիր Պուտինին
Այս բաժնից
2050 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
700 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2029 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա