211652_close_icon
views-count901 դիտում article-date 13:00 07-07-2023

Ադրբեջանական բնապահպանները դիմել են Փաշինյանին՝ կոչ անելով «անհապաղ դադարեցնել» Հայաստանում հանքերի շահագործումը

Ադրբեջանի հասարակական կազմակերպությունները դիմում են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության կողմից «բնապահպանական կայունության խախտման» վերաբերյալ։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանցիները կոչ են արել Հայաստանի Հանրապետությանն անհապաղ դադարեցնել մի շարք ձեռնարկությունների, այդ թվում՝ Քաջարանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի, Ախթալայի հանքավայրի, Գեղարքունիքի պղնձաձուլարանի գործունեությունը, ինչպես նաև Երասխում նոր մետալուրգիական գործարանի կառուցումը:

Նամակի հեղինակները Հայաստանի ղեկավարությանը կոչ են արել նպաստավոր միջավայր ստեղծել հանքարդյունաբերության վերաբերյալ երկխոսության և որոշումների կայացման գործընթացներին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և տեղական համայնքների ակտիվ մասնակցության համար։

«Դիմում ենք Ձեզ խնդրանքով, հաշվի առնելով վերը նշված միջազգային չափանիշներն ու սկզբունքները, բացել Հայաստանի բոլոր հանքարդյունաբերական օբյեկտների դռները փորձագետների, էկոլոգիայի և առողջապահության ոլորտում մասնագիտացած Ադրբեջանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար՝ ապահովելու բոլոր պայմանները ձեռնարկությունների ստուգման, գնահատման և մոնիտորինգի, համապատասխան նմուշների ընտրության, չափագրման աշխատանքների կատարման համար», - գրել են նամակի հեղինակները:

Այս ուղերձի տակ ստորագրել են ադրբեջանական 24 հասարակական կազմակերպություններ։

Նմանատիպ նյութեր