1936 դիտում
20:15 16-04-2019
Գլխավոր դատախազն ընդունել է Հակակոռուպցիոն միջազգային համաժողովի կազմակերպիչներին և միջազգային փորձագետներին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ապրիլի 17-18-ին Երևանում կայանալիք «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը միջազգային փորձի ներքո» խորագրով փորձագիտական միջազգային համաժողովի կազմակերպիչ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանին և Համաշխարհային բանկ/ՄԱԹՀՊԳ գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության (StAR) համակարգողի տեղակալ Շերվին Մաջլեսսին, ՄԱԿ–ի զարգացման Գլոբալ ծրագրի հակակոռուպցիոն խորհրդական, ՄԱԶԾ Սինգապուրի գլոբալ կենտրոնը ներկայացնող Անգա Թիմիլսինային, նույն կենտրոնը ներկայացնող, ՄԱԶԾ Գլոբալ հակակոռուպցիոն նախաձեռնության ծրագրի ղեկավար Աիդա Արությունովային:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարևոր է համարել Հայաստանում մեկնարկած հակակոռուպցիոն բարեփոխումների գործընթացի և այդ համատեքստում հակակոռուպցիոն ռազմավարության մշակման շուրջ ընթացող հանրային քննարկումների ներկայիս փուլին միջազգային փորձագիտական կենտրոնների ակտիվ աջակցությունը:
Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ իրավապահ մարմինները հասարակության լուրջ աջակցության պայմաններում շոշափելի արդյունքներ են արձանագրել հատկապես ակտիվացած հակակոռուպցիոն քրեաիրավական պայքարի ոլորտում: Սակայն, ըստ Գլխավոր դատախազի՝ քրեական վարույթների շրջանակներում հատկապես կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով պատճառված վնասի վերականգնման, երկրից ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձման և այս գործընթացներում ներգրավված անձանց արարքներին իրավական լիարժեք գնահատականներ տալու առումով իրավապահ մարմինները բախվում են իրավական խութերի: Այդ համատեքստում, ըստ Արթուր Դավթյանի, խիստ արդիական է դառնում միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությամբ նշված խոչընդոտների վերացման իրավական այնպիսի ճկուն մեխանիզմների մշակումը, որոնք որևէ կերպ չեն հակասի Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին և լավագույնս կապահովեն մասնավոր և հանրային շահերի հավասարակշռված համադրումը:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն իր խոսքում նշել է, որ Հակակոռուպցիոն միջազգային համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ կառավարության, ՄԱԶԾ և Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի համագործակցությամբ:
Համաժողովի օրակարգում քննարկվելու են հակակոռուպցիոն անկախ ինստիտոււցիոնալ համակարգին, կոռուպցիայի դեմ պայքարի իրավապահ, կանխարգելիչ, կրթական բաղադրիչներին, գողացված ակտիվների վերականգնման իրավական և ընթացակարգային խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կարեն Զադոյանը կարևոր է համարել համաժողովի՝ քաղաքացիական հասարակություն-կառավարություն ձևաչափը՝ որպես բազմաշահառու ներգրավմամբ կոռուպցիայի դեմ արդիական խնդիրների քննարկման համակողմանիության ապահովման միջոց: Որպես քաղաքացիական հասարակության և պետական մարմինների միջև գործակցության լավ օրինակ՝ պարոն Զադոյանը նշել է ՀՀ դատախազության և Հայաստանի ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի միջև ստորագրված հուշագրի հենքի վրա ծավալված համագործակցությունը:
ՄԱԿ–ի զարգացման Գլոբալ ծրագրի հակակոռուպցիոն խորհրդական Անգա Թիմիլսինան գոհունակություն է հայտնել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու հարցում նկատվող վճռականության առթիվ: Նա նշել է, որ կայանալիք համաժողովը լավ հնարավորություն է կատարելու Հայաստանի և միջազգային փորձի համադրում՝ ինչպես ինստիտուցիոնալ մոդելների ընտրության, այնպես էլ կանխարգելման, քրեաիրավական փոխլրացնող գործիքակազմերի կիրառման ուղղություններով:
Համաշխարհային բանկ/ՄԱԹՀՊԳ գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության (StAR) համակարգողի տեղակալ Շերվին Մաջլեսսը, մասնավորապես, պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերելու հատկապես Հայաստանի համար արդիական դարձած՝ գողացված ակտիվների վերադարձման գործուն մեխանիզմների մշակման, այս ոլորտում միջազգային համագործակցության ապահովման ուղղություններով միջազգային փորձի փոխանցման, անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման հարցերում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
[b]ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
15768 դիտում
23:40 01-12-2017
Չեխիայում կայացել է «Europe Stars» առաջին միջազգային մրցույթը, դեսպանն ընդունել է կազմակերպիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1068 դիտում
17:30 26-11-2018
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է միջազգային կլոր սեղան-քննարկման կազմակերպիչներին ու մի խումբ մասնակիցների
Այս բաժնից
949 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան