211652_close_icon
views-count1262 դիտում article-date 18:53 20-03-2014

Արգենտինահայ կոմպոզիտոր և խմբավար Ժան Ալմուխյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով

Մարտի 18-ին Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանու ներքո և Հայաստանեաց առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի ազգային վարչության կազմակերպությամբ Բուենոս Այրեսի Հայ կենտրոնի «Սիրանույշ» սրահում տեղի ունեցավ արգենտինահայ հայտնի կոմպոզիտոր և խմբավար Ժան Ալմուխյանի մեծարման երեկոն։ Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը և Հայ կենտրոնի վարչության անդամ Վարդիվար Մանուկյանը։ Կոմպոզիտորի հեղինակած երգերի կատարումով հանդես եկան Դանիել Դերեն, Մարալ Թորիկյանը և Արդո Կալջյանը, ցուցադրվեցին մի շարք հատվածներ մաեստրոյի ղեկավարած երգչախմբերի համերգներից։ Իր ելույթում դեսպան Մելիքյանը, բարձր գնահատելով մաեստրոյի անցած ստեղծագործական երկար ուղին, ընդգծեց, որ այն ևս մեկ ապացույցն է հայ ժողովրդի անկոտրում կամքի, նվիրվածության ու ջանադիր աշխատանքի, ապրելու և արարելու մեծ ձգտումների։ Այնուհետև, ՀՀ դեսպանն ընթերցեց ՀՀ անկախության 22-րդ ամյակի կապակցությամբ Ժան Ալմուխյանին «Մովսես Խորենացի» մեդալով պարգևատրելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը և հանդիսավոր պայմաններում մաեստրոյին հանձնեց բարձր պարգևը։ Խորին շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահին նման գնահատականի արժանանալու համար՝ Ժան Ալմուխյանը նշեց, որ այսուհետ ևս հանձնառու է շարունակել իր հայրենանվեր ծառայությունը հայ արվեստի զարգացման և տարածման գործում։ Միջոցառման երկրորդ մասում տեղի ունեցավ Կառլոս Հասասյանի «Ժան Ալմուխյան. երաժշտությունից անդին» գրքի շնորհանդեսը։

Նմանատիպ նյութեր