1209 դիտում
17:36 19-03-2014
Պարտադիր վճարումների տվյալները պետք է հասանելի լինեն սպառողին
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում քննարկել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Ըստ հեղինակի, նախագիծը կոչված է պաշտպանելու սպառողի շահերը և թույլ չտալու, որպեսզի «մատակարարների որոշ աշխատակիցներ առանց սպառողի ներկայության գործողություններ կատարեն հաշվիչների հետ»: Կառավարության եզրակացության համաձայն օրինագիծը նոր հարցեր է հարուցում տեխնիկական-ֆինանսական լուծումների առումով՝ լրացուցիչ ծախս պարտադրելով սպառողին և բիզնեսին: Կառավարությունը նաև գտնում է, որ նախաձեռնության նպատակները սպառողի համար առավելագույնս հասանելի են և օրենքով կարգավորման անհրաժեշտություն չունեն:
[b]Դիմելով հարցը ներկայացնող ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է[/b]. «Պարոն Մովսիսյան, այս հարցը նախարարական կոմիտեում բուռն քննարկման առարկա դարձավ, քանի որ ես պաշտպանում էի պատգամավորի փաստարկները: Նախարարական կոմիտեում ինձ հավաստիացրիք, այդ թվում նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը, որ խնդիրն ամբողջությամբ կարգավորված է, այդ թվում նաև ֆիզիկական անձանց համար:
Ի՞նչ է պատգամավորի փաստարկի էությունը. որ տվյալները պարտադիր վճարումների համար պետք է հասանելի լինեն մեր քաղաքացիների համար՝ գազի, ջրի պարտադիր վճարումների առումով, այսինքն՝ փաստարկը շատ տեղին է և ճիշտ փաստարկ է, որովհետև պաշտպանում է մեր քաղաքացիների շահերը: Քաղաքացին պետք է այդ հնարավորությունն ունենա՝ ստանալու ճշգրիտ տեղեկատվություն՝ ինչքան ինքը պետք է վճարի:
Հակափաստարկը, որ հնչում էր նախարարական կոմիտեում, այն էր, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այդ խնդիրը լուծել է: Բայց մեր աշխատակազմը, ուսումնասիրելով այդ կարգավորման նորմերը, ինձ երեկ զեկուցել է, որ այդպես չէ, որ ֆիզիկական անձանց գծով կա խնդիր: Եվ ես ցանկանում եմ հասկանալ, եթե կա այդպիսի խնդիր, ինչպե՞ս ենք այն լուծելու: Միգուցե պատգամավորի առաջարկն իրավական ձևակերպումների տեսակետից մեզ համար անընդունելի է, բայց պետք է գտնենք ընդունելի ձևը և կարգավորենք այս խնդիրը, որ քաղաքացիներին նույնպես այդ տվյալները լինեն հասանելի, և ծառայություն մատուցող կազմակերպությունները (էլեկտրաէներգիա, գազ) պարտավոր լինեն այդ տեղեկատվությունն անվճար հասանելի դարձնել մեր քաղաքացիների համար: Սա է հարցադրման էությունը: Համեցեք, պարոն Նազարյան»:
[b]Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյա[/b]ն – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Ինչ վերաբերում է հաշվիչների կապարակնքմանը, ապա այստեղ, ինչպես գազամատակարարման և օգտագործման կանոններում, այնպես էլ էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում իմպերատիվ այդ նորմը գրված է և ապահովված է, և ցանկացած բաժանորդ իրավունք ունի իր ցանկացած ձևով կապարակնքելու հաշվիչները և, ես գտնում եմ՝ սա բավարար է այդ հարցի կարգավորման համար:
[b]ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան[/b] - Համաձայն եմ Ձեր փաստարկի հետ, ուղղակի դրա մասին պետք է նաև իրազեկել մեր քաղաքացիներին: Մենք այստեղ խնդիր ունենք, որովհետև մեր աշխատակազմն էլ զեկուցում է, որ այդ հարցը կանոնակարգված է հստակ, և քաղաքացիները պաշտպանված են նորմատիվ ակտերով: Ուղղակի մեր քաղաքացիներին պետք է իրազեկել: Համաձայն եմ նաև պարոն Մովսիսյանի այն փաստարկի հետ, որ պատգամավորի առաջարկն անընդունելի է, որովհետև ենթադրում է լրացուցիչ ծախսեր մեր քաղաքացիների համար, եթե մենք այդպիսի պարտադիր նորմ օրենքով սահմանենք: Քաղաքացիների վրա լրացուցիչ ծախս դնելուն մենք կողմ չենք: Համեցեք, հաջորդ փաստարկը:
[b]Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան[/b] – Նաև ուզում եմ ասել, որ սպասարկման որակի ցուցանիշները կանոնակարգվում են ոչ թե օրենքով, այլ իմ այս նշած երկու փաստաթղթերով, և եթե մենք որակի սպասարկման որոշ ցուցանիշներ առանձնացնենք, բերենք օրենքի մակարդակի, մնացածները թողնենք նույնը, կարծում եմ, ավելի կդժվարացնենք և որևէ լավ բանի չենք հասնի: Եվ ես գտնում եմ, որ այս հարցերը պետք է մնան այս երկու փաստաթղթերի կարգավորման դաշտում:
Ինչ վերաբերում է մյուս հարցին, ապա պետք է ասեմ, որ էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում՝ 9-րդ գլխում, հստակ գրված է, որ մատակարարը պարտավոր է մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, փոստային բաժանմունքների, համապատասխան սպասարկման կետերում տեղադրել տեղեկատվություն նախորդ ամսվա ընթացքում սպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին:
Երկրորդը` մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը հանրապետական սփռման երկու հեռուստաընկերությունների միջոցով երկու անգամ ժամը 18:00-ից 20:00 և 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում հայտարարել նախորդ ամսվա ընթացքում սպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը տեղադրելու օրը: Երրորդը` սպառողի դիմելու դեպքում տրամադրել վերջինիս նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը: Եվ նաև նախորդ ամսվա էլեկտրաէներգիայի ծախսի վճարման հաշիվը փոստով կամ էլեկտրոնային փոստով ներկայացնելու սպառողի գրավոր պահանջի կամ այդ պարտավորությունը պայմանագրով սահմանված լինելու դեպքում մատակարարը պարտավոր է կատարել այդ պահանջը: Վճարման հաշիվը փոստով առաքելու պահանջի դեպքում այդ ծառայության վճարը վճարում է սպառողը, վճարման հաշվի ներկայացումը էլեկտրոնային փոստով կատարվում է անվճար: Եվ նաև պետք է ասեմ, որ այսօր նաև գործում է Հայաստանի էլեկտրացանցերի կայքը, որտեղ յուրաքանչյուր բաժանորդ մուտք գործելով և մուտքագրելով իր կոդը, կարողանում է անմիջապես ծանոթանալ իր ոչ միայն նախորդ ամսվա, այլև ամբողջ տարվա ծախսերին:
Ինչ վերաբերում է գազամատակարարման և օգտագործման կանոններին, ապա այստեղ պետք է, և դուք ճիշտ նշեցիք, որ կազմակերպությունների մասով այս հարցը լիովին լուծված է, այնպես ինչպես ես նշեցի, իսկ սպառողների մասով մի փոքր թերացում կա, որը մեր այս տարվա աշխատանքային ծրագրում նախատեսված է և մինչև հոկտեմբերի 1-ը կլուծենք: Եվ ես կարծում եմ նույն ձևով կնույնականացնենք, ինչպես էլեկտրաէներգիայի մատակարարման օգտագործման կանոնները, ծանուցման այս ամրագրված ձևը:
[b]ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան[/b] - Իսկ ավելի շուտ հնարավոր չէ՞, ինչո՞ւ մինչև հոկտեմբերի 1-ը:
[b]Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան[/b] - Պարոն վարչապետ, մենք նաև Եվրամիության ԻՆՈԳԵՅԹ ծրագրով փորձագետներ ենք հրավիրել , արդեն աշխատում ենք և իրենցով է պայմանավորված այդ ժամկետները, որովհետև նրանք նաև փորձում են այսօրվա մեր ունեցած իրավիճակը գնահատել նաև Արևմտյան Եվրոպայի զարգացած երկրների փորձի հետ համեմատելով:
[b]ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան[/b] - Շատ լավ, այդ դեպքում պարոն Մովսիսյան, ձեր եզրակացության վերջին մասը վերախմբագրեք, որ մենք փաստարկը ընդունում ենք և կառավարության դիրքորոշումն այն է , որ իրավական լուծումը ենթադրում է, որ մեր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այդ խնդիրը կլուծի և որ մինչև հոկտեմբեր ամիսն այս խնդիրը մեր քաղաքացիների համար լուծված կլինի:
[b]Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան[/b]- Գազի մասով հստակ ամրագրված է այն նորմը, որ մատակարարը պարտավոր է մինչև տվյալ ամսվա 15-ը նույնպես բոլոր վճարահաշվարկային կետերում այդ գրավոր ծանուցումը ապահովել և ցանկացած պահի գրավոր պահանջի դեպքում տեղեկություն տրամադրել:
[b]ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան[/b] - Պարոն Նազարյան, պետք է խնդրեմ, որպեսզի դուք զանգվածային լրատվական միջոցներով այդ տեղեկատվությունը դարձնեք հասանելի : Ես համոզված եմ, որ մեր քաղաքացիները կօգտվեն այդ հնարավորություններից էլեկտրոնային եղանակով ստանալու տեղեկատվություն իրենց հաշիվների մնացորդների մասին, ինչքան պետք է վճարեն : Մանավանդ, որ տարեցտարի կտրուկ աճում է ինտերնետից օգտվողների թիվը: Այժմ, եթե չեմ սխալվում, այդ թիվը մոտենում է կես միլիոնի: Իսկ դա նշանակում է, որ արդեն մեր ընտանիքների ճնշող մեծամասնությունը հնարավորություն ունի էլեկտրոնային եղանակով այդ տեղեկատվությունը ստանալ: Ուղղակի պետք է իրենց տեղյակ պահել, որ այդ հնարավորությունն ընձեռված է:
Օրենքի նախագիծը և ՀՀ կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Նմանատիպ նյութեր
1978 դիտում
12:08 07-02-2021
Հետախուզական տվյալները չպետք է հասանելի լինեն Թրամփին. Բայդեն
1128 դիտում
18:22 19-02-2014
Ֆիննախը և ՊԵԿ-ը հիշեցրել են, որ այսօր կենսաթոշակային պարտադիր վճարումների վերջին օրն է
Այս բաժնից
745 դիտում
19:33 15-11-2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
889 դիտում
19:04 15-11-2024
Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը