211652_close_icon
views-count1523 դիտում article-date 13:11 19-03-2014

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչներին հրավիրում է երկխոսության

Բարև ձեզ հարգելի գործընկերներ: Այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել մի հարցով, որն այսօր մտահոգում է մեր երիտասարդներին և հանրությանը: Դա պարտադիր կուտակային համակարգի բարեփոխումն է: Առաջին հերթին ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում ձևավորվում է քաղաքացիական հասարակություն, որը թելադրում է իր կանոնները: Դա նշանակում է, որ մենք նույնպես, որպես կառավարություն, պետք է մեր գործունեությունը շտկենք և դարձնենք այնպիսին, որը հաշվի է առնում, որ մեր կարևորագույն խնդիրն է նպաստել և խթանել քաղաքացիական հասարակության կայացմանը: Երկրորդ. այս շարժման հիմնական մասնակիցները երիտասարդներ են, ովքեր դիմել են մեզ բազմաթիվ նամակներով և իրենց մտահոգություններն են ներկայացրել այս բարեփոխման կապակցությամբ: Միևնույն ժամանակ, իրենց նամակներում կա մտահոգություն այս ռեֆորմի կապակցությամբ և միևնույն ժամանակ զգացվում է պատասխանատվություն մեր երկրի հանդեպ, և իրենց բառերով՝ իրենք սիրում են այս երկիրը և ուզում են, որ այն ունենա պայծառ ապագա: Այս նամակների տակ ստորագրել են հազարավոր երիտասարդներ, որոնք ընդգրկված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք երկխոսության, որովհետև այն դիրքորոշումը՝ կամ ամեն ինչ, կամ ոչինչ, անընդունելի է ինչպես մեզ համար, այնպես էլ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող պատասխանատու երիտասարդների համար: Մենք պատրաստ ենք երկխոսության, ընդունում ենք, որ մեր օրենքները, մանավանդ ամենաբարդ ռեֆորմին վերաբերող օրենքները, չեն կարող լինել առանց թերությունների, բնականար այդ օրենքներում կան թերություններ, որոնք մատնանշում են նաև մեր ընդդիմախոսները: Մենք հայտարարում ենք, որ ճիշտ ճանապարհը երկխոսության ճանապարհն է և հրավիրում ենք մեր երիտասարդ գործընկերներին` «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչներին, այդ երկխոսությանը: Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ կամ ամեն ինչ, կամ ոչինչ սկզբունքից հրաժարվելն օգտակար կլինի բոլորիս համար և դա նշանակում է, որ նաև «Դեմ եմ» շարժումը պետք է վերաձևավորվի և դառնա շարժում հանուն մեր երկրի ապագայի, հանուն բարեփոխումների, այնպիսի բարեփոխումների, որոնք կստանան մեր երիտասարդների աջակցությունը: Սա մեր ուղերձն է «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչներին: Եվ, իհարկե, ես նաև Ազգային ժողովում եմ հայտարարել, որ մեզ ոգևորում է նաև այս երիտասարդական ակտիվությունը: Հասկանալի է, որ նաև տարբեր քաղաքական ուժեր փորձում են օգտագործել այն, շահարկել, բայց այն, որ երիտասարդները զերծ են մնում խնդիրների քաղաքականացումից, նույնպես վկայում է այն մասին, որ այս երկխոսությունը խիստ կարևոր է մեր պետության ապագայի համար:

Նմանատիպ նյութեր