ԵԱՀԿ համանախագահները Նալբանդյանին և Մամեդյարովին առաջարկել են Հաագայում հանդիպում անցկացնել
                        Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին և իրեն հանդիպում անցկացնել Հաագայում միջուկային անվտանգության հերթական գագաթաժողովի շրջանակներում:
«ԵԱՀԿ համանախագահների կողմից առաջարկ է ստացվել Հաագայի գագաթաժողովի շրջանակներում հանդիպում անցկացնելու մասին»,-ասել է Մամեդյարովը:
Հարցին, թե ինչպիսի ձևաչափով այն տեղի կունենա, Մամեդյարովը պատասխանել է, որ իրեն հայտնի է միայն արտգործնախարարների մակարդակով հանդիպման մասին: 
Հիշեցնենք, որ Միջուկային անվտանգության հերթական գագաթաժողովն անցկացվելու է Հաագայում՝ մարտի 25-26-ին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

