2592 դիտում
16:12 15-03-2014
Փոխնախարարին պատկանող ռեստորանը քուն ու դադար չի տալիս բնակիչներին. Aravot.am
Արմինե Միրիջանյանի պնդմամբ՝ այստեղ հաճախակի կարելի է քեֆ անելիս տեսնել Գալուստ Սահակյանին, Յուրի Վարդանյանին, Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներին, գրում է [url=http://www.aravot.am/2014/03/15/440815/]aravot.am[/url]-ը: 2 անչափահաս երեխաների մայր Արմինե Միրիջանյանն իր տարեց եւ հիվանդ մոր հետ ամեն օր անհանգստությամբ սպասում է, թե արդյոք կարո՞ղ են այդ գիշեր առանց աղմուկ-աղաղակի քնել: Բանն այն է, որ իրենց նկուղային հարկում՝ Մաշտոցի 31 հասցեում, գործում է «Կամելոտ» ռեստորանը, որտեղից հնչած բարձր երաժշտությունը խանգարում է 2-րդ հարկի բնակիչների խաղաղ անդորրը: «Առանց այն էլ ռեստորանը դարձել է մեր առավոտյան զարթուցիչը: Գալիս են գործի, թե չէ, բարձր երաժշտություն են միացնում: Օր է լինում, որ մինչեւ գիշերվա 3-ը կենդանի երաժշտություն է հնչում:
Վատն այն է, որ մեր տունը բաղդատից է, գուցե բետոն լինելու դեպքում աղմուկն այդքան բարձր չլիներ,-բողոքում է Արմինե Միրիջանյանը եւ ավելացնում,- երեխաներս դպրոցական են, նրանք պետք է շուտ քնեն, որ շուտ արթնանան եւ դպրոց գնան, էլ չեմ ասում հիվանդ մորս մասին, ով անընդհատ առողջական խնդիրներ է ունենում»: Նշենք, որ «Կամելոտ» ռեստորանը պատկանում է ԱԺ պատգամավոր, Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանի եղբորը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Նազարեթ Մնացականյանին, ով նախկինում եղել է ՀՀ ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ թրաֆիքինգի դեմ պայքարի վարչության պետը: Բնակչուհու խոսքով՝ Ն. Մնացականյանը պաշտոնը չարաշահում է բիզնես նպատակներով. «Եթե մի մարդու ազատում են աշխատանքից, բայց հետո նա դառնում է սպորտի փոխնախարար, ուրեմն նա այնքան հզոր է եւ ունի այնքան լծակներ, որ առանց ձայնամեկուսացման համակարգի, մեր անդորրը խանգարելով՝ հենց շենքի տակ շարունակում է աշխատեցնել ռեստորանը»: Բնակչուհին պատմում է, որ լինում են օրեր, երբ ռեստորանի աշխատակիցները մոռանում են անջատել օդափոխիչների համակարգը. «Սարքերի շահագործումից առաջացած աղմուկն այնքան բարձր է, որ նույնիսկ մեր հատակն է դղրդում, եւ մենք ստիպված ենք լինում քնել այդ աղմուկի ներքո»: Արմինեի խոսքով՝ մոտավորապես 5 տարի է, ինչ կորցրել են իրենց քունն ու հանգիստը: Սկզբում փորձել են բանավոր համաձայնության գալ ռեստորանի տնօրինության հետ, աշխատակիցներին հրավիրել են սեփական փորձով համոզվելու, թե իրենք ինչ սթրեսային պայմաններում են ապրում. «Նրանք եւս զարմացած էին, խոստացան, որ գոնե դինամիկները կտեղափոխեն մի փոքր հեռու, որ երաժշտության ձայնը մեզ չխնգարի»: Սակայն, ինչպես ասում է Արմինեն, ոչինչ չի փոխվում, կրկին նույն պատմությունը: Վերջինիս խոսքով՝ իրենց բախտը որոշ առումով բերում է, երբ ընդունվում է «Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի» 180-րդ հոդվածը, ըստ որի՝ արգելվում է ժամը 23:00-ից մինչեւ առավոտյան ժամը 7-ը խախտել լռությունը, անդորրը՝ բարձր երաժշտություն միացնելով: «Այսպիսով մենք կարողացանք բողոքել, ցավոք, մեր ձայնը ոչ ոք չլսեց»,- ասում է նա:
Հարցին լուծում տալու նպատակով՝ տարբեր ուղղություններով նամակագրություն է իրականացնում` ուղղված ՀՀ վարչապետին, քաղաքապետին, թաղապետին, ոստիկանություն, Մարդու իրավունքների պաշտպանին: «Ոստիկանությունից ասում են, որ դա իրենց խնդիրը չէ, նրանք ընդամենը կարող են «հանդարտեցնել» մարդկանց, Մարդու իրավունքների պաշտպան էլ կոչ է անում դիմել ոստիկանություն: Թաղապետը խոստացել էր կարգավորել խնդիրը, բայց կրկին ոչ մի լուծում: Իսկ քաղաքապետարանի հետ կարծես տուն-տունիկ ենք խաղում»,- ասում է բնակչուհին: Ըստ Արմինեի՝ պատկան մարմինները բավարարվում են միայն զգուշացումներ անելով եւ մեկ-երկու անգամ նաեւ տույժեր նշանակելով: Ընդ որում՝ նրանց պատասխան նամակներում հազվադեպ է շոշափվում սեփականատիրոջ՝ Նազարեթ Մնացականյանի անունը, ինչը, իր խոսքով, կասկածի տեղիք է տալիս, գուցե չեն ուզում իրենց կոլեգայի հետ տարաձայնություններ ունենալ: «Այստեղ ինչ-որ հետաքրքիր խաղ է ընթանում»,- ասում է Արմինե Միրիջանյանը: Նրա պնդմամբ՝ այստեղ հաճախակի կարելի է քեֆ անելիս տեսնել Գալուստ Սահակյանին, Յուրի Վարդանյանին, Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներին:
Ի դեպ, ռեստորանի այցելուներից ոմանց մեքենաների համարանիշները հրապարակվել է լրատվամիջոցներից մեկում: «Ինձ համար հետաքրքիրն այն էր, որ հենց դա տպվեց, մեքենաներն այլեւս չերեւացին տարածքում»,- պատմում է Արմինեն: Նրա համար զարմանալի էր նաեւ մոտ 2 ամիս առաջ ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության կենտրոնական բաժնի կողմից իրենց ուղղված պատասխան նամակը, որտեղ հստակ շարադրված է, որ առաջարկվել է «Կամելոտ» ռեստորանի տնօրինությանը հսկողություն սահմանել երաժշտության ձայնի կապակցությամբ, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկել ռեստորանում ձայնամեկուսացումը ապահովելու ուղղությամբ. «Ի՞նչ է նշանակում առաջարկվել է, նրանք պետք է պարտադրեին, ոչ թե առաջարկեին»: Արմինեի պատմելով՝ ռեստորանի տնօրենը ոչ միայն առաջարկը չի ընդունել, այլեւ թերթերից մեկին տված հարցազրույցում ասել է, որ եթե բնակիչները դժգոհում են, ապա նրանց հաշվին՝ մոտ 100-150 000 ԱՄՆ դոլարով կարող են կապիտալ վերանորոգում անել: «Եթե ես այդքան փող ունենայի, ինքս ռեստորան կբացեի»,- քմծիծաղում է Արմինեն եւ պատմում, որ երբ պատկան մարմինները գալիս են ստուգումներ իրականացնելու, ռեստորանի աշխատակիցներն ամոթաբար երաժշտության ձայնն իջեցնում են: Մենք զրուցեցինք նաեւ «Կամելոտ» ռեստորանի տնօրենի հետ, ով չցանկացավ ազգանունը նշել, ներկայացավ որպես Հայկ: «Ես հո չեմ իմանում, որ իրենք հենց այդ օրը բողոքել են, եւ 5 րոպեից ստուգողներ են գալու: Բնակիչները ստում են, ես էլ ասում եմ, որ երեկ չէ առաջին օրը վերեւի հարկում այլմոլորակայիններ են եղել»,- պատասխանում է նա եւ հավելում, որ ռեստորանը փակվում է ժամը 00:00-ին, որից հետո երբեմն նաեւ մի քանի աշխատակիցներ մնում են այդտեղ հաշվարկներ անելու: Այնուամենայնիվ, խոստովանում է. «Մի քանի անգամ եղել է, որ հյուրերը ռեստորանը լքելուց հետո դրսում գիշերային ժամերին գոռացել են, եւ աղմուկ-աղաղակ բարձրացրել: Սակայն հարգելով վերեւի հարեւանների բողոքը՝ կարգավորել ենք ամենը եւ ժամը 23:00-ից հետո բացարձակապես երաժշտություն չենք միացրել»: «Կամելոտի» տնօրենը հավաստիացնում է, որ հատկապես վերջին ամսվա ընթացքում չի եղել որեւէ դեպք, որ ժամը 00:00-ից հետո որեւէ երաժշտություն հնչի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ [url=http://www.aravot.am/2014/03/15/440815/]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
1192 դիտում
07:40 11-01-2024
Նարեկ Նալբանդյանին պատկանող հյուրանոցային համալիրում «տեղ ու դադար» չի եղել. «Փաստ»
5378 դիտում
10:28 01-05-2015
Ալրաղացի Լյովին պատկանող «Ախ Թամար» ռեստորանը փակվել է. ՉԻ
11882 դիտում
19:06 27-03-2015
Մեզ խաղաղ քուն պարգևող հայ զինվորի կյանքը կախված է մեզնից. եկեք օգնության ձեռք մեկնենք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
880 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
637 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար