ԲՀԿ-«Ժառանգություն» հանդիպումը կայացավ․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած երեկ առավոտյան լուր տարածվեց, թե «Ժառանգություն»-ԲՀԿ հանդիպումը չի կայանա, սակայն ավելի ուշ տեղեկացանք, որ այն դժվարին ու բարդ բանակցություններից հետո կայացել է, այն էլ՝ ոչ կանյաչնիում:
Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպելու առաջարկն ստանալուց հետո երկընտրանքի առաջ էր կանգնել՝ գնա՞լ Ծառուկյանի հետ հանդիպման, թե՞ ոչ: «Ժառանգությունում» տարաձայնություններ են եղել այս առիթով. ոմանք պնդել են, որ չարժե հանդիպել: Մյուսները նշել են, որ չարժե գնալ կոնյակի գործարան՝ չէ՞ որ Լևոն Տեր-Պետրոսյանը չգնաց, իսկ Րաֆֆին «ընտրված» նախագահ է: Եվ եթե Րաֆֆին գնա Ծառուկյանի «դուռը», այդպիսով Ծառուկյանին կհանձնի ընդդիմության լիդերությունը:
Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն անձամբ էլ չի ցանկացել գնալ, բայց միևնույն ժամանակ գիտակցել է, որ չգնալով լրիվ խաղից դուրս է մնում, մանավանդ կուսակցությունն այսօր նախանձելի վիճակում չէ: Հանդիպման առաջարկն ընդունելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հանդիպման տեղի վերաբերյալ առարկություն են ներկայացրել և առաջարկել, որ հանդիպումը չեզոք վայրում լինի:
Սկզբում Ծառուկյանի պատասխանը եղել է այն, որ հանդիպումների շարքն ինքն է նախաձեռնել, եթե Րաֆֆին չի ցանկանում, դա իր պրոբլեմն է, ուրեմն թող ինքն առաջարկի եւ ԲՀԿ-ին հրավիրի՝ կլսի նաեւ իրենց պատասխանը, սակայն հետո զիջել է և ընդունել Րաֆֆիի պայմանը: Հանդիպումը կայացել է մասնավոր մի տարածքում, «Ժառանգությունից» ներկա են եղել Ռուբիկ Հակոբյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը: ԲՀԿ-ից՝ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը:
Ի դեպ, որոշ տեղեկություններով, հանդիպումը կայացել է «Մարիոթում»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։