1399 դիտում
15:17 12-03-2014
Հայկական ձեռնարկությունները կարող են արտադրանք թողարկել «Ռոսկոսմոսի» կարիքների համար. Արթուր Բաղդասարյան
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության պատվիրակության և Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն:
Աշխատանքային խումբը, որը նախօրեին այցելություններ է կատարել ՀՀ պետական մարմիններ, Բյուրականի աստղադիտարան, Աշտարակի ռադիոֆիզիկական գիտահետազոտական ինստիտուտ, հանդիպել ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների և մի շարք ձեռնարկությունների ղեկավարների հետ, ամփոփեց արդյունքները:
Իր խոսքում Արթուր Բաղդասարյանը նշել է. «Համագործակցության լուրջ ներուժ կա Հայաստանի Հանրապետության և աշխարհի խոշորագույն գործակալություններից մեկի` «Ռոսկոսմոս» դաշնային գործակալության միջև, որի հետ մեր համագործակցության արդյունքում արդեն իսկ վերազինվել է Բյուրականի աստղադիտարանը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ֆինանսական և տեխնիկական աջակցության աշխատանքները կշարունակվեն, ինչը հնարավորություն կտա առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում Բյուրականը բերել այն տեսքի և այն հնարավորությունների, որը կարող է աշխարհում ունենալ լուրջ դերակատարում տիեզերքի ուսումնասիրության ոլորտում»:
Արթուր Բաղդասարյանի խոսքով` ըստ պայմանավորվածության տիեզերքի ուսումնասիրության ոլորտում կստեղծվի հայ-ռուսական ուսումնական և վերապատրաստման կենտրոն և արդեն իսկ թիրախավորվել են մի շարք հայկական ձեռնարկություններ, որոնց իրավունք կտրվի մասնակցել «Ռոսկոսմոս» գործակալության պետական պատվերների ձևավորման աշխատանքներին, այսինքն` հայկական ձեռնարկությունները կարող են արտադրանք թողարկել «Ռոսկոսմոսի» կարիքների համար:
Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության և ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդների 2012-2013թթ. համագործակցության ծրագրի շրջանակներում Բյուրականի աստղադիտարանի համալիր արդիականացման ծրագիրը ապացուցեց իր արդյունավետությունը և այդ փորձը կարող է կիրառելի լինել նաև այլ ձեռնարկությունների պարագայում ևս:
Իր խոսքի վերջում ԱԱԽ քարտուղարը նշել է, որ պայմանավորվածությունները բազմաթիվ են և վստահություն հայտնել, որ այս համագործակցությունը կտա լավ արդյունքներ:
Խորհրդակցության մասնակիցները ևս միակարծիք էին, որ Հայաստանն ունի գիտական մեծ ներուժ, որը կարող է արդյունավետորեն օգտագործվել տիեզերական ուսումնասիրությունների, հայտնագործությունների և ճյուղային արտադրության զարգացման ոլորտում:
Երկուստեք հեռանկարային են գնահատվել համագործակցության հնարավորությունները: «Ռոսկոսմոսի» ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել հայկական ձեռնարկությունների հետ ընդլայնել փոխգործակցության ուղղությունները: Ի լրումն. Արթուր Բաղդասարյանի հրավերով առաջիկայում նախատեսվում է նաև «Ռոսկոսմոսի» ղեկավար Օլեգ Օստապենկոյի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան:
Նմանատիպ նյութեր
1924 դիտում
19:13 13-07-2020
«Ռոսկոսմոսի» ղեկավարի խորհրդական Իվան Սաֆրոնովին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության մեջ
937 դիտում
15:59 23-01-2024
Այսուհետ ԵՄ երկրներ կարող է արտահանվել Հայաստանում արտադրված կաթի և ձվի պարունակությամբ պատրաստված արտադրանք
2499 դիտում
10:25 09-06-2016
2014թ բացված «Մեգա Մեդ» գործարանը դեռ արտադրանք չի թողարկում. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
2029 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
565 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
532 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի