211652_close_icon
views-count1336 դիտում article-date 12:58 12-03-2014

ԵՊՀ՝ Արմավիրի մարզի` կարկտահարությունից տուժած գյուղերի բնակիչներ հանդիսացող ուսանողներին կտրվի ուսման վարձերի 50% զեղչ

Արմավիրի մարզի` կարկտահարությունից տուժած գյուղերի բնակիչներ հանդիսացող ԵՊՀ ուսանողները կօգտվեն ուսման վարձերի 50% զեղչի հնարավորությունից: 2013-2014 ուստարվա առաջին կիսամյակում Արմավիրի մարզի` կարկտահարությունից տուժած գյուղերի բնակիչներ հանդիսացող ԵՊՀ 83 ուսանողների ուսման վարձերը զեղչվել են 50%-ով, որն ընդհանուր առմամբ կազմել է ավելի քան 10 մլն դրամ: Այս կիսամյակում ևս ծրագիրը շարունակական բնույթ է կրում, որի շրջանակներում վերոնշյալ ուսանողները կրկին կարող են օգտվել ընձեռված հնարավորությունից և ստանալ ուսման վարձի զեղչեր: ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանը նշեց, որ 2013-2014 ուստարվա երկրորդ կիսամյակում այս խնդրով իրենց են դիմել և 50% զեղչի հնարավորություն են ստացել 60 ուսանողներ: «Արմավիրի մարզի` կարկտահարությունից տուժած գյուղերի բնակիչներ հանդիսացող ԵՊՀ ուսանողների ուսման վարձերի զեղչերի ընդհանուր գումարը այս ուստարում կազմում է մոտ 20 մլն դրամ»,- նշեց Վահագն Վարագյանն ու հավելեց, որ բացի այդ ուսանողներից` զեղչերից կարող են օգտվել նաև սոցիալապես անապահով ուսանողները, ընտանիքում երկու և ավելի ուսանող ունեցող համալսարանականներն ու սահմանամերձ լեռնային բարձրադիր գոտիներում բնակվող ուսանողները: Ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանի տեղեկացմամբ` Արմավիրի մարզի` կարկտահարությունից տուժած գյուղերի բնակիչներ հանդիսացող ուսանողները ցանկացած պարագայում կօգտվեն զեղչի հնարավորությունից՝ անկախ այն հանգամանքից, թե որքան է ուսանողի միջին որակական գնահատականը (ՄՈԳ) կամ ունի արդյոք նախորդ կիսամյակում լուծարքներ:

Նմանատիպ նյութեր