211652_close_icon
views-count11764 դիտում article-date 13:14 10-03-2014

Mercedes-ը «Չայնիի ոլորաններում» հայտնվել էր ձորում. ոստիկանները գոռում էին. «քննիչը գալի՜սա, քննիչը գալի՜սա.. »

Այսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչուհի՝ 24-ամյա Մերի Ալեքսանյանը իր կողմից վարած Mercedes մակնիշի 34 MP 539 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» 1-ին ոլորանում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գլորվել ու հայտնվել ձորակում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ուղևորուհին բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն: Վթարի վայրում վարորդի՝ Մ. Ալեքսանյանի հայրը՝ Արտակ Ալեքսանյանը, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել է, որ «երբ գլորվում էինք ձորը, ես ճիշտ կողմնորոշվելով՝ բռնեցի ղեկը ու մեքենան ճիշտ կառավարելու արդյունքում հրաշքով պրծանք: Մենակ թեթև վնասվածք է ստացել կինս»: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էմիլ Մարգարյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Տեղում էր նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը, սակայն նրանց օգնությունը պետք չի եղել: Ժամանել էր նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ Կոտայքի բաժնի փոխոստիկանապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Լևոն Գրիգորյանը, ում հանձնարարականով վարորդի հայրը՝ Ա. Ալեքսանյանը, ավտոմեքենան ինքնուրույն դուրս բերեց ձորից և տեղափոխեց ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երբ վթարից հետո վարորդն իր ընկերոջ հետ փորձում էր ավտոմեքենան դուրս բերել ձորից, մայրուղու վրա կանգնած ճանապարհային ոստիկանության սպաները մտել էին դերի մեջ և հայտնի՝ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի հերոսների նման գոռում էին. «Քննիչը գալի՜սա, քննիչը գալի՜սա…»: Ոստիկանությունը ճշտում է վիրավորի ինքնությունը: Նշված հատվածում հետաքրքրասեր քաղաքացիներին ՃՈ աշխատակիցները մեծ դժվարությամբ էին հեռացնում, քանի որ խցանում էր առաջանում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր