77426 դիտում
15:03 26-11-2017
«Շումախերական» ավտովթար Կոտայքի մարզում. վարորդը Mercedes-ով մոտ 250 մետր «Չայնիի» ոլորաններում մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորում, բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 CT 229 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 250 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը, որոնց ձորից դուրս են բերել քաղաքացիները և իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով տեղափոխել են հիվանդանոց, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության ծառայողները։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի հանձնարարականով դեպի վայր են ժամանում Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սոս Սեդրակյանի և Էդգար Բալոյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավոր վարորդի և վիրավոր ուղևորի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, ոչ մի խոչընդոտ երթևեկության համար չի եղել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 141+
141+