22426 դիտում
12:53 08-03-2014
Արտառոց վթար Երևանում. ավտոմեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջ. վիրավորների մեջ է դերասան Մովսես Երեմյանի եղբայրը. ֆոտոռեպորտաժ. լրացված
Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ավտոկայանի դիմաց, Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի 11/1 շենքի բնակիչ, 22-ամյա Տիգրան Մարգարյանը իր կողմից վարած Վազ 21723 մակնիշի 01 TT 014 համարանիշի ավտոմեքենայով բախվել է պողոտայի բաժանարար երկաթե ճաղավանդակներին, այնուհետ հարվածել նշված ճանապարհով ընթացող Երևանի բնակիչ, 50-ամյա Արա Դանիելյանի վարած BYD մակնիշի Տ019 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետ Տ. Մարգարյանը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել Իսակովի 3/8 հասցեում գտնվող «Մարսոն Սթայլ» ՍՊԸ-ին պատկանող խանութի մեջ, որտեղ էլ տակնուվրա է արել ողջ ապրանքը:
Վթարի հետևանքով Տ. Մարգարյանի ուղևորներ՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց 56/2 շենքի բնակիչ, 21-ամյա Էդուարդ Երեմյանը և Շենգավիթ 5-րդ փողոցի բնակիչ, 25-ամյա Կարեն Շահգելդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Է. Երեմյանը դերասան Մովսես Երեմյանի եղբայրն է, իսկ Կ. Շահգելդյանը նույնպես դերասան է, ով այս օրերին զբաղված է նոր խաղարկային ֆիլմի ստեղծման աշխատանքներով:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան դուրս է բերվել խանութից և տեղափոխվել ճՈ հատուկ պահպանվող տարածք: Հավաքվածները կատակում էին, որ վարորդը մարտի 8-ի՝ Կանանց տոնի առթիվ նվեր է մատուցել խանութում տեղադրված մանեկենուհիներին:
Ոստիկանությունը ունի լուրջ կասկածներ, որ վարորդը Տ. Մարգարյանը չի եղել, մանավանդ հավաքվածներից մի քանիսն ասում էին, որ վարորդը եղել է մարզական համազգեստով գեր տղա:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+