211652_close_icon
views-count2331 դիտում article-date 18:10 06-03-2014

Երբ գալիս է մարտի 8-ը

Երբ գալիս է մարտի 8-ը տղամարդիկ իրար են անցնում: Հիշում են, որ մոտ 1 տարի իրենց սիրելի կանանց ոչ մի նվեր չեն գնել: Ու շտապում են ծաղիկ, զարդ ու կոնֆետներ գնելու: Մտովի պատկերացնում են, թե ինչքան կուրախանա կինը, ընկերուհին կամ սիրուհին այդ նվերներից: Իսկ կանայք չմարող հույսով սպասում են, որ մոտ 1 տարվա ընդմիջումից հետո տղամարդիկ ի՞նչ նվերներ կմատուցեն և մտովի պատկերացնում, թե ինչպես են արձագանքելու այդ նվիատվությանը: Մարտի 8-ն անմասն չի թողնում ոչ մեկին: Մի մասը շտապում են ցուցադրել իրենց վերաբերմունքը, իսկ մյուսները ակնկալում ու սպասում: Կարո՞ղ է լինել այնպես, որ մարտի 8-ին նվեր տրվի նրան, ով չէր սպասում, կամ նվեր ստանա նրանից, ումից չէր սպասում: Այդպիսի բան կլինի միայն այն ժամանակ, երբ կխախտվի տիեզերական հավասարակշռության մասին օրենքը, կամ ինչպես ասում են՝ ոսկե օրենքը: Ոսկե օրենքը տարածվում է գործողությունների և ցանկությունների վրա: Եթե ինչ-որ մեկի նկատմամբ ատելություն եք զգում, ապա նա նույնն է զգում Ձեր նկատմամբ: Եթե ինչ-որ մեկին սիրում եք, ապա նա Ձեզ՝ նույնպես: Ասել է, թե միակողմանի սեր, ատելություն գոյություն չունի: Ընդհանրապես, միակողմանի ընթացք գոյություն չունի: Եթե միակողմանի ընթացքը լինի, ապա մեր մոլորակը դուրս կգա ուղեծրից: Ցանկացած գործողություն, զգացմունք, ուժ, ընթացք որևէ ընթացքի, գործողության, զգացմունքի, ուժի համարժեք արձագանքն է և իր հերթին առաջ է բերում համարժեք արձագանք: Այսպիսով դատարկ է այն կասկածը, թե մարտի 8-ին կարող են նվերներ ստանալ նրանք, ովքեր չէին սպասում, կամ նրանցից ումից չէին սպասում: Մարտի 8-ն ունի նաև բացեր: Նախ տոնին բնորոշ հաստատված ծիսակարգ չկա: Կատարվում է շաբլոն նվիրատվություն, մի-մի բաժակ գինի կամ հյութ, մի քանի հաճոյախոսություն, և տոնն ավարտվում է: Բացի դրանից, մարտի 8-ը ֆեմինիստների ներմուծած տոնն է: Նրանք այս օրը նշում են առանձնակի շուքով՝ որպես հայրիշխանությունից կանանց ազատագրման խորհրդանշական օր: Այսինքն սա ի սկզբանե ազատ կանանց տոնն է, ազատագրված կանանց օրը, կամ կանանց ազատության օրը, կամ կանանց ազատության համար պայքարի օրը, որը նշել իրենք՝ ազատագրված կանայք, իրենց ազատության համար պայքարող կանայք, կանանց ազատության համար պայքարողները: Ներկայում այս տոնն այլ ընթացք ունի: Տոնի առարկան մնացել է կինը, սակայն կրողը փոխվել է: Ներկայում տղամարդկանց ակտիվ ներգրավումը ևս ֆեմինիստների հաղթանակն է: Նրանք իրավամբ կարող են ասել, որ մարտի 8-ին կանանց նվերներ մատուցող տղամարդը նշում է կանանց ազատագրման օրը, և այդպիսով կանգնում կանանց իրավունքների և ազատությունների պաշտպանության դիրքերում: Ինչևէ: Ինչքան էլ հակասական լինի մարտի 8-ի խորհուրդը, հաստատ է մի բան: Իրեն հարգող տղամարդը պարտավոր է ուշադիր և հոգատար լինի իր շրջապատի կանանց նկատմամբ, և առիթը բաց չթողնի նրանց հաճելի պահեր պարգևելու համար: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր