«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ գործարար, հայտնի «օֆշորի գործով» հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանին շաբաթներ առաջ ձերբակալել էին Թբիլիսիի օդանավակայանում: Հետագայում նա ասել էր, որ պատրաստվում էր Հայաստան գալ: Այս ձերբակալության ու նրան ՀՀ իրավապահներին արտահանձնելու հեռանկարի մասին օրեր շարունակ լրատվություն էր տրվում: Սակայն փետրվարի 1-ին Թբիլիսիում ձերբակալված Սուքիասյանը դեռեւս Հայաստան չի հասել:
Գործարար Փայլակ Հայրապետյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ նրան հավանաբար մոտ 2 ամիս կպահեն Վրաստանում, որպեսզի պարզեն՝ արդյո՞ք իրենց հանրապետության սահմաններում հանցագործություն չի կատարել: Եթե պարզվի, որ Վրաստանում նա հանցանք չի կատարել, նոր միայն կուղարկեն Հայաստան։
Պարոն Հայրապետյանը երեկ էր խոսել քննիչի հետ, ով տեղեկացրել էր, որ 40 օր է տևում այդ գործընթացը: Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանը երկար ժամանակ գտնվում էր հետախուզման մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի խարդախության, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար՝ 3 ծանր հոդվածով:
«Հույս ունեմ, որ այդ գործընթացներն ավելի կարճ կտևեն, եւ Սուքիասյանին շուտ կարտահանձնեն Հայաստանին»,-ասաց Հայրապետյանը, ով հույս ունի, որ Սուքիասյանին ձերբակալելուց հետո իր կորցրած ունեցվածքը ետ կստանա»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։