211652_close_icon
views-count20650 դիտում article-date 09:49 21-02-2014

Փայլակ Հայրապետյանը՝ այն մասին, թե ինչ է եղել, երբ իրեն խառնել են հեղինակություն Փայլակի հետ, երգչուհուն ձեռք գցած տղայի հետ ինչպես է վարվել, և ավելին

Գործարար Փայլակ Հայրապետյանը՝ այն մասին, թե ինչպես է երազել մինչեւ 5-րդ դասարանը կոշիկ ունենալ, աղջկա պատվի հետ խաղալը հայրը ինչի հետ է համեմատել, երգչուհուն ձեռք գցած տղային ինչպես է ծեծել, ինչպես է բանվորությամբ դարձել քաղաքի ամենահայտնի մեծահարուստներից մեկը, ինչպես է աշխատակիցներին գնդակահարությունից փրկել, քաղաքում մոդա թելադրել, ժողովրդից 8 տոննա ոսկի հավաքել, ինչ է պատահել, երբ իրեն խառնել են քրեական հեղինակություն Փայլակի հետ, ինչու են նախարարներն ու ղեկավարները ցանկացել, որ իրենց աղջիկները իր հիմնարկում աշխատեն, ժամանակին քաղաքում ինչ ավտոմեքենա է վարել, որը Կճոյանի «Բենթլից» թանկ է, ինչպես է կնոջը առանց ճանաչելու գնացել ձեռքը խնդրելու, ինչ արժեն իր հագուստները, որ թոռն է եւ ինչով իր ջահելությունը հիշեցնում եւ ավելին: Ինչու է դեմ եղել, որ եղբոր թոռնուհին ամուսնանա Սաշիկ Սարգսյանի որդու հետ եւ ավելին:[b] SHAMSHYAN.com[/b]-ի հետ նրա հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ: [b]-Պարոն Հայրապետյան, կա՞ մի վայր, անկյուն, որտեղ սիրում եք միայնակ լինել: Ընթացքում մտովի թերթում եք ձեր հուշերը, տեղափոխվում մանկություն, ամփոփում ապրածը: Ովքե՞ր են եղել ձեր ծնողները, որտե՞ղ է անցել ձեր մանկությունը. ծնողներից ի՞նչ խորհուրդներ եք ստացել, ինչի՞ արդյունքում ձեր ոտքը հաճախ քարին չի դիպչել[/b]: -Ունեմ նման անկյուն: Դա Ծովազարդ գյուղն է: Ես ծնվել եմ նախկին Բայազետի՝ Մոխան, ներկայիս՝ Ծովազարդ գյուղում: Մինչեւ 13 տարեկանը իմ մանկությունը այդ գյուղում է անցել: Այնտեղ նաեւ «Խաչ եւ Սուր» հուշարձանն եմ կառուցել պատերազմում մասնակիցների պատվին: Հաճախ եմ գնում Ծովազարդ, ծովափին զբոսնում ու այդ ընթացքում էլ, բալա ջանմ թերթում եմ հուշերս: Իմ հայրն ու մայրը գյուղից են: 8 տղա են ունեցել, որոնցից 5-րդը ես եմ: Հայրս ու երկու եղբայրներս մասնակցել են 2-րդ համաշխարհային պատերազմին եւ երեքն էլ հետ են եկել: Ավելին` մեծ եղբայրս Բեռլինում մասնակցել է հայտնի քոչարի պարին: Բնականաբար շատ դժվարություններով ենք մեծացել, քաղցած օրերի, զրկանքների միջով էլ ենք անցել: Մինչեւ 5-րդ դասարան ես կոշիկ չեմ ունեցել, տրեխներ եմ հագել: Մեր գյուղում կոշիկ հագնողներ կային եւ ես երազում էի կոշիկ ունենալ: Բայց բոլոր եղբայրներով գնում կոլխոզում աշխատում էինք. գութանով վար ու ցանք էինք անում, ցորեն, կարտոֆիլ հավաքում: Ծանր աշխատանք էինք կատարում: Հայրս ու մայրս միշտ խրատել են, որ մենք մեր աշխատանքով պետք է ապրենք: Դե բոլորս տղա երեխա էինք: Հայրս միշտ բոլորիս հավաքում նստեցնում էր կողքերը եւ ասում. «Գիտե՞ք ինչ, ձեր կողքին կան աղջիկ երեխաներ, չփորձեք նրանց պատվին կպնել: Ասում էր՝ մի աղջիկ երեխայի պատվին կպնելը, դա նշանակում է մի վանք քանդել: [b]-Տարիներ առաջ դուք քաղաքի առաջնային մեծահարուստներից էիք. Ե՞րբ եւ ի՞նչ աշխատանքով վաստակեցիք ձեր առաջին գումարը: [/b] - Դե ասացի, որ դեռ գյուղի կոլխոզում եմ աշխատել: Բայց առաջին խոշոր գումարս վաստակեցի 6-րդ դասարանում: Երկու եղբայրս եկել էին քաղաք՝ աշխատելու եւ ամառային արձակուրդներին` 6-րդ դասարանում, ես էլ միացա նրանց: Այն ժամանակ ձիարշավարանում, որը հիմա մեզ է պատկանում, բանվորություն արեցի եւ 90 ռուբլի գումար աշխատեցի ու իմ ամբողջ դպրոցի հագուստները գնեցի: Ինձ այնտեղի աշխատողները շատ էին սիրում: Համեստ էի, վարպետները ինչ ասում էին, լսում էի. գնում էի ջուր, սիգարետ էի բերում, հաց էի դնում: Լոդր չէի: Իրենց սիրելի տղան էի: Հետո 7-րդ դասարանում Նոր Արեշի կոլխոզում կոլխոզնիկ գրանցվեցի: Մեր ընտանիքում առաջին գրանցում ունեցողը ես եմ եղել ու առաջինն էլ ես անձնագիր ստացա: Դե բահը վերցնում, գնում, առուներ էի քանդում, խաղողի այգիներ կար, թաղերն էի քանդում: Իսկ 9-րդ դասարանում արդեն գաջի գործարանում վարորդ էի: [b]-Կյանքում ի՞նչ փորձանքներից եք հրաշքով փրկվել: [/b] -Ես նաեւ կլինիկական մահ եմ տարել: 4-րդ դասարա էի, կայծակը ինձ հարվածեց: Մի օր չեմ արթնացել: Մի տարի հիշողությունս չէր վերականգնվում: Անգամ առանց քննությունների մասնակցելու են տեղափոխել 5-րդ դասարան: Ինձանից 3 օր հետո կայծակը հարվածել էր մի կնոջ, ամբողջովին այրվել էր: Բայց փառք Աստծո, աստիճանաբար հիշողությունս լավացավ: [b]-Ինչպիսի՞ն էր Փայլակ Հայրապետյանը իրենց բակում, դպրոցում: Այդ տարիներին փողոցն էլ իր յուրօրինակ դաստիարակչական մեթոդը ուներ: Փողոցը հենց այդ տարիներին կերտեց քրեական ամենակարկառուն «հեղինակություններին»: Ինչո՞վ էիք դուք աչքի ընկնում, ինչի՞ համար ծեծում եւ ծեծվում: [/b] -Այն ժամանակ «խարոշիներ» կային: Դպրոցում հավաքվում, ծխում էին, իրար ծեծում: Բայց ես այդ ամենի մեջ չեմ խառնվել: Այն ժամանակ 3-րդ մասում կար Եգոր, Սուրեն, Էրեբունիում՝ Փայլակ: Հավատացեք, կյանքում չար բաներ չեմ արել: Ի տարբերություն շատերի՝ այդ խմբերի մեջ չեմ մտել, ես փոքրուց աշխատել եմ: Իմ ծնողները շատ խիստ են եղել, բայց երբեք մեզ չեն ծեծել: Մի օր դպրոցից գալիս ընկերս` Կազբեկը, առաջարկեց, որ ես էլ ծխեմ: Սիգարետը բերանս էր, մեկ էլ շրջվեմ, տեսնեմ հայրս կանգնած է: Դեն նետեցի, ասաց. «Էլ քեզ ծխելիս չտեսնեմ»: Այդ օրվանից ես իմ բերանը սիգարետ չեմ դրել: Իսկ երբ տեղափոխվեցինք Երեւան, եղբայրնեիցս մեկը 3-րդ մասում էր ապրում: Այն ժամանակ թաղային ճամբարներ կային: Ես 3-րդ մասում ճամբարի պետ էի: Դպրոցի արձակուրդների ժամանակ բոլորը գալիս էին մեզ մոտ: Երգ, պար, ուրախություն: Ես ի ծնե կազմակերպչական մեծ ջիղ եմ ունեցել: Հարսանիք կլինի, թե կնունք, թե ծնունդ: Բայց նաեւ շատ խիստ եմ եղել: Մի օր ճամբարում մի տղա երգչուհի աղջիկներից մեկին ձեռք էր գցել: Ուժեղ հարվածեցի: Հետո բոլորի ծնողները գիտեին, որ խիստ եմ եւ թույլ էին տալիս, որ գան ճամբար: Անկեղծ ասած, բուռն ուսանողական կյանք չեմ ունեցել: Ես քանի որ փոքրուց աշխատում էի, սննդի արդյունաբերության տեխնիկումի մեխանիկական ֆակուլտետի հեռակա բաժին ընդունվեցի: Հետո ինձ ուղարկեցին գինու գործարան: Հոկտեմբերյանի օղու գործարանը իմ դիպլոմային աշխատանքն է եղել:Այնտեղ բոլորը օղին ջրի տեղ ամեն օր պարտադիր խմում էին: Մի 10 օր հետո հայրս ասաց՝ վե՛րջ, չե՛ս գնա, ես չեմ ուզում, որ դու ալկաշ դառնաս: Չթողեց գնամ ու չգնացի: [b]-Իսկ ծառայե՞լ եք, թե՞ ոչ: Այն ժամանակ եւս չծառայելը «պրիստիժի» հարց էր: [/b] -Անկեղծ ասած, չեմ ծառայել: Բայց կցանկանայի: Իմ 3 եղբայրը, քանի որ ծառայում էին, ինձ հետ գցեցին: Ծառայությունը եւս ազդում է անձի, անհատականության ձեւավորման վրա: Ես փոշմանել եմ, որ լսել եմ հորս, մորս, «վաենկոմին» եւ ծառայության չգնացի: Կմա, որ նստում, բանակից խոսում են, փոշմանում եմ, որ չեմ գնացել: Դրա համար իմ երեխաները բոլորը ծառայել են: [b]-Ժամանակին քաղաքում երկու հայտնի Փայլակ կար: Մեկը դուք էիք, մյուսն էլ քրեական «հեղինակություն» Փայլակը: Պատահե՞լ է, որ ձեզ քրեական «հեղինակություն» Փայլակի հետ շփոթեն: Հեչ ի՞նչ հետաքրքիր պատմությունների մեջ եք հայտնվել այդ շփոթունքի արդյունքում: [/b] -Շատ-շատ է պատահել: Ես Էրեբունի միավորման գլխավոր տնօրեն էի արդեն: Մի օր գիշերվա երեքին մեկ էլ դուռը թակեցին, թե՝ միլիցիայից է: Զարմացա: Բացեցի, թե Փայլակին ենք փնտրում: Ասացի՝ Փայլակը ես եմ, բայց միացրեք, ձեր պետի հետ խոսեմ: Ասացի՝ ես Հայրապետյան Փայլակն եմ, ի՞նչ հարց ունեք: Նոր պարզվեց, որ իրենք Սիմոնյան Փայլակին են փնտրում: Այսպիսի շատ դեպքեր են եղել, որը ինձ օգուտ չի բերել: Հետո, որտեղ դեպք էր լինում, ասում էին «հա, էն Փայլակը», ասում էի, չէ՝ այդ Փայլակը չեմ: Բացի այդ, համ հասակակից էինք, համ էլ երկուսիս կանանց անունն էլ Էվելինա էր: Իրար հանդիպում էինք պատմում ու ծիծաղում: [b]-Իսկ քաղաքում ձեր անունը ինչպե՞ս հնչեղություն ստացավ: Ժամանակին քաղաքի լավ տղաներից էիք: [/b] -Դե ես ասացի, որ գաջի գործարանում եմ աշխատել՝ բանվորից հասնելով տնօրենի: Երբ գաջի գործարանում վարորդ էի աշխատում, ի տարբերություն մնացած վարորդների, չափից դուրս կոկիկ էի հանգվում, կարծես տնօրեն լինեի: Մեքենաս էլ էր շատ մաքուր: Երկու կոպեկ փող էի աշխատում, բայց դրանից տալիս էի, որ էլեկտրիկը, մեխանիկը իմ գործերը անեն, որ չպառկեմ մեքենայի տակ: Գաջի արտադրամասի պետը մի օր իրեն ավելորդություն թույլ տվեց. Ասաց. «Քեզ թագավորի տեղ ես դնում»: Գնացի տնօրենի՝ Ջուլհակյան Վալոդիայի մոտ եւ ազատման դիմում գրեցի: Նա ինձ շատ էր սիրում: Չեր ազատում, բայց տեսնելով, որ համառում եմ, ասաց՝ եթե ետ գաս, չեմ ընդունի: Ասացի՝ եթե գամ, չընդունես, ու գնացի: Հետո տրիկոտաժի արտադրամասում պահեստապետ ընդունվեցի: Մի օր Չինաստանից չորս վագոն տրիկոտաժ ստացանք, ինչը դեֆիցիտ էր: Մեր բազայի կառավարիչը Քալաշյանն էր: Զանգ տվեց, ասաց՝ Փայլակ, մինիստրներ են իրենց ընտանիքներով գալիս, բաց կանես, տեսնեն՝ ինչ ունենք: Եկան, լավ ընդունեցի եւ ճանապարհեցի: Շինարարության նախարարը ինձ շատ հավանեց: Ասաց՝ Փայլակ, որ ամեն անգամ Քալաշյաին չդիմենք, հենց նեյրոնից «սառոչկաներ» լինեն, զանգ կտաս: Ասացի՝ աչքիս վրա: Այդպես մտերմացանք: Մի օր էլ նախարարը ինձ հրավիրեց տղայի ծնունդին: Ես էլ՝ գյուղի տղա, սպասքից օգտվել չգիտեմ: Մի «սառոչկա» վերցրեցի, գնացի: Նախարարը ինձ նստացրեց իր կողքը եւ ասաց, որ ինձ ազատ զգամ: Սեղանի շուրջ լսեցի, որ գաջի գործարանում գնացել են ստուգման եւ վիճակները շատ վատ է: Անգամ գնդակահարություններ կարող են լինել: Դե ես այնտեղ աշխատել էի: Ասացի՝ ինչ կարող եմ անել, որ իրենց չնստացնեն: Ջուլհակյանին էլ շատ էի հարգում: Ուղեգիր գրեցին, գնացի գաջի գործարան: Դե, Ջուլհակյանն էլ անակնկալի եկավ. Ասացի՝ գնացել եմ, որ իրենց փրկեմ: Հրամանս տվեցին, որ արտադրությունը ընդունեի, բայց ուր մտնում եմ, ապրանք չկա: Այն ժամանակ դրա համար նույնիսկ գնդակահարություն էր հասնում: Շատ ծանր հոդվածներ էին: Թվերին ծանոթանալուց հետո հասկացա, որ մի 5-6 հոգի գնդակահարության էին գնալու: Սկսեցի մտածել, թե ինչ կարող եմ անել: Մեկ ամիս ժամանակ վերցրեցի: Գնացի Գյումրի եւ պայմանագիր կապեցի, որ. «մինչեւ տարվա վերջ «իքս» քանակությամբ գաջ կտամ, ինձ դակումենտ տվեք, որ ստացել եք»: Հետո գնացի Սեւան, Մարտունի եւ բոլոր տեղից 7 հազար տոննայի «դակումենտ» բերեցի եւ հիմնարկը զրոյացրեցի: Ապրանք էլ միչեւ տարվա վերջ հետ տվեցի: Հետո այդպես մինչեւ կյանքի վերջը Ջուլհակյանը ինձ պարտք մնաց: Ջուլհակյանն ու բոլոր բանվորները ինձ սրբացրեցին: Չորս տարի հետո այդտեղից դուրս եկա ու եղբորս տարա իմ փոխարեն: [b]-Իսկ ինչպե՞ս միլիոնատեր դարձաք: [/b] -Աստիճանաբար աշխատանքի արդյունքում: Ես «ցեխավիկ» չեմ եղել, հանցագործ չեմ եղել, գողություն չեմ արել, ուրիշի տունը չեմ քանդել: Հետո տրիկոտաժի ֆաբրիկա բացեցի: «Սետկա չուլկիներ» էինք գործում: Սկզբում չէր վաճառվում: Հետո ուղարկեցի Գագրա, Օդեսա: Երկու ամիս հետո զանգ տվեցին, թե՝ էլի ապրանք ուղարկի: Աստիճանաբար գործերս շատ լավացավ. թե այստեղ, թե դրսում ավել փող էին տալիս, որ ապրանքը իրենց տամ: Էրեբունի տրիկոտաժի առաջին «ֆիլիալն» էր: Միջազգային ստանդարտից բարձր արտադրանք տվեցինք: Հետո «օդեկաներին» հանեցի, յուրաքանչյուր բանվոր իր «օդեկան» էր, հավաքարարին էլ հանեցի եւ դրանց աշխատավարձը տալիս էի բանվորին: Ամենաբարձր աշխատավարձը թեթեւ արդյունաբերության ոլորտում ինձ մոտ էր: Հետո մի քանի «ֆիլիալ» կառուցեցի եւ այդ տարածքը դարձավ մոդաների տուն: Բոլոր հայտնի մարդիկ՝ նախարարներ, գործարարներ, դատախազներ, բոլորը ինձ մոտ էին հագնվում: Զանգ էին տալիս անձամբ ինձ ու հագուստներ խնդրում, այդպես նաեւ մեծ շրջապատի տեր դարձա: Ես երեք հատ «օրդեր» եմ ստացել: [b]-Լսել եմ, որ ժամանակին ժողովրդից 8 տոննա ոսկի եք հավաքել, հա՞, ու նաեւ այդ կերպ եք մեծ ճանաչում ստացել: [/b] -Շատ ճիշտ եք: Պապերս, որ Բայազեթից եկել են, 350 գրամ ոսկի են ունեցել: Պապաս նպատակ է ունեցել, որ այդ ոսկին տա առաջին պետությանը: Սահակ պապս տվել է Եգորին, Եգորը` Հայրապետին` իմ հորը, իսկ իմ հայրը տվեց ինձ: Նույնիսկ եղբայրներս զարմացան, թե ինչու հենց ինձ: Ասաց՝ Փայլակ ջան, երբ ստեղծվի անկախ պետություն, կտանես կհանձնես: Փառք Աստծու, եղավ այդ պետությունը եւ ես այդ ոսկին հանձնեցի: Ավելին` Առաջին հանրապետության հիմնադրամի հիմնադիրը ես եմ: Ամբողջ հանրապետության նախարարություններում, գյուղերում, շրջաններում գնացի ելույթ ունեցա, որ եթե հավաքում ենք յուրաքանչյուրս մի գրամ ոսկի, մոտավորապես 8 տոննա ոսկի կհավաքվի ու այդպես էլ եղավ ու դա դարձավ հիմնադրամ: Ամեն մեկը իրա մատանին, ցեպը, օղերը տալիս էին եւ հավաքվածը տվեցի Մանուշակ Պետրոսյանին: [b]-Լսել եմ, որ նախկին ղեկավարությունից շատերն են ցանկացել, որ իրենց աղջիկները ձեր ղեկավարած ձեռնարկություններում աշխատեն, ինչու՞: [/b] -Ճիշտ եք: Ինչպես նշեցի, ես շատ խիստ եմ եղել: Իմ կոլեկտիվը 3000 ավելի աշխատող կար: Այն ժամանակ բոլոր «ռայկոմի» քարտուղարները, մինիստրները, աղջիկներին բերում էին ինձ մոտ, որովհետեւ իմ հիմնարկում կանանց, աղջիկներին թարս նայող չէր կարող լինել: Մի օր լսեցի, որ ցեխի վարիչը մի աղջկա նկատմամբ կեղտոտություն է անում: Նույնիսկ թույլ չտվեցի, որ առավոտյան անցակետից առաջանան. աշխատանքից ազատեցի: Դա ինձ համար սրբություն է: [b]-Իսկ ձեր կնոջ հետ ինչպե՞ս ծանոթացաք եւ ինչո՞վ կամ ո՞ր արարքով նրա սիրտը նվաճեցիք: [/b] -Ես վարորդ էի: Գաջ էի տանում Մարտունի: Այդ աղջկան ճանապարհին տեսա: Հետո հետ եկա, տեսա, որ տուն է մտնում: Հաջորդ օրը հորս վերցրել, գնացինք ուզելու: 9 տարով մեծ էի, չէին ուզում տալ: Համ էլ, երեւի, չէին ուզում վարորդի աղջիկ տալ: Իրենք էլ հայտնի ընտանիք էին: Հայրս ասաց՝ տղաս ձեր աղջկան սիրում է, պետք է տանենք. դուք ելք չունեք: Իմ հայրը` Հայրոն, ամբողջ շրջանում ճանաչված մարդ է եղել՝ քավոր: Բացի այդ, այն ժամանակ հայրս Ծովազարդի տունը 8 ռուբլիով վաճառել էր եւ գնացել էր Ադրբեջանից «Զիմ» էր գնել: Այդ տարիներին դա Կճոյանի մեքենայից բարձր էր: (Նկատի ունի Բենթլին): «Զիմ» մի քանի հոգի ուներ, մինիստրներն էին քշում, կենտկոմի քարտուղարներ: Մեր ընտանիքին նաեւ այդ մեքենայով սկսեցին ճանաչել: Մեր մեքենան ամբողջ հանրապետությունում ասելիք էր դարձել, ու այդ մեքենայով էլ գնացինք կնոջս հետեւից: [b]-Ձեր երեխաները ինչո՞վ են զբաղվում: Դուք ձեր երեխաների նկատամբ խի՞ստ հայր եք եղել, թե՞ ոչ: Նրանք ձեր ունեցվածքը վատնե՞լ են, թե՞ ավելացրել: [/b] -5 երեխա ունեմ, 15 թոռ, ծոռներ: Ես իմ երեխաներին շատ խիստ եմ պահել: Դե գիտեք, որ մեծ տղայիս սպանեցին: Բայց այդպես էլ չիմացա, թե ով եւ ինչի համար էին թշնամացել: Բայց այնպես արեցին, թե վթարից է մահացել: Փոքր տղաս դատախազությունում էր, թոշակի անցավ, միանշանակ տղաս վթարի ենթարկվեց, հիմա հաշմանդամ է, տանն է, աղջիկներս էլ ամուսնացել են եւ իրենց կյանքով են զբաղվում: Իմ ընտանիքն պահել եմ այնպես, ինչպես իմ ծնողը՝ մեզ: Թույլ չենք տվել, որ ռեստորաններում իրենց անշնորք պահեն, այս աղջիկների հետեւից վազեն, սրա նրա հետ անառիթ կռվեն: [b]-Փայլակ Հայրապետյան անունով թոռնիկ ունեք: Ինչո՞վ է Ձեզ նման կամ հիշեցնում ձեր ջահելությունը: [/b] -Հովիկիս տղան է: Ամեն ինչով էլ նման է ինձ: 22 տարեկան է, իրենց խանութով է զբաղվում: Ոնց որ «կոպյա» լինենք: Աշխատասեր է, նամուսով, չի սիրում ավելորդ քայլեր անել, շփվել վերին օղակների հետ: Ես էլ եմ իմ աշխատանքին նվիրված եղել: [b]-Դուք խնամիական հարաբերությունների մեջ եք նախագահական ընտանիքի հետ: Ինչքան գիտեմ, ձեր եղբոր թոռը ամուսնացել է Սաշիկ Սարգսյանի տղայի հետ: Վերին օղակներում տարածված այդ խնամիական հարաբերությունները ի՞նչ լավ ու վատ կողմեր ունի: [/b] -Այլեւս խնամիական հարաբերությունների մեջ չեն: Վերջերս ամուսնալուծվել են: Ուսանողներ էին, սիրել էին իրար, ամուսնացել, բայց հետո իրար երեւի չհասկացան: Ես սկզբից էլ ասացի, որ ամեն մարդ պետք է իր մակարդակի հետ քայլ գցի: Մենք իրենց հետ չենք կարող: Իրենք վերին էշելոնից են: Մենք մեր միջին մակարդակի տեղը ունենք եւ իրավունք չունենք մտնել այն տեղը, որը մերը չէ: [b]-Դուք ձեր արդար աշխատանքի արդյունքում մեծ ունեցվածքի տեր էիք դարձել: Բայց վերջին խարդախության արդյունքում սնանկացման եզրին կանգնեցիք: Երբ փողը ձեր կյանքից գնաց, կայի՞ն մարդիկ, որ փողի հետ գնացին: Ասում են, որ մթության մեջ նույնիսկ ստվերն է մարդուն լքում: Դուք նման իրավիճակի առաջ կանգնեցի՞ք, թե՞ ոչ: [/b] -Անկեղծ ասած, ոչ: Ես ում հետ շփվել եմ, շահի համար չեմ շփվել: Հավանաբար, դա էր պատճառը, որ փողերից հետո էլ մնացին կողքիս: [b]-Ինչպես ասացիք, ժամանակին դուք եք մոդան թելադրել: Հիմա հետեւու՞մ եք նորաձեւությանը, թե՞ ոչ: Ի՞նչ գնի են ձեր ամենաթանկարժեք եւ էժան հագուստները: [/b] -Ինձ համար ամենաշքեղը հասարակ ապրելն է եղել: Ես չեմ թույլատրել, որ իմ երեխաները շքեղ հագնվեն, որովհետեւ շքեղի տակ կա շքեղ հանցագործություն: Ինձ համար միջին մակարդակը եղել է սրբություն: Իմ հագուստներն էլ սովորական խանութներից եմ գնում: 150-200 դոլար արժեն: Բայց միշտ հագել եմ էժան եւ ճաշակով: Մաքուր եմ հագնվել եւ արդուկած: Իմ կինը չի թույլատրել, որ իմ ներքնազգեստը երկու օր հագնեմ: 90-ական թվականներին էլ, երբ լույս չկար, ես լույս ունենալու, խորոված անելու հնարավորություն ունեի, բայց չեմ արել: Դրանով իմ այսօրվա հեղինակություն եմ շահել, որ կողմը գնում եմ, ինձ հարգում, սիրում, բարեւում են: [b]-Մեր երգերում 50-ից սկսած տխուր երգեր են ձոնում: 70-ից հետո ինչո՞վ է կյանքը լցվում: Ինչպես նաեւ ասվում է, որ իմաստությունը մեզ այցելում է այն ժամանակ, երբ այլեւս պետք չէ: Կյանքի դպրոց անցած մարդ եք, ձեր դեպքում ինչպե՞ս է: [/b] -Ղալաթ են անում, ճիշտ չեն ասում: 50-ից հետո մարդու երազանքների տարիքն է գալիս: 50-ից հետո ես կարողանում պիտանի լինել ընտանիքին, պետությանը: Այդ տարիքում շահը պակասում է, այս կամ այն աղջկա հետեւից չես վազում, խմիչքի սեղանները նվազում են: Գալիս է մի շրջան, երբ պիտանի ես դառնում ազգիդ եւ ընտանիքիդ: [b]-Մի անգամ կյանքի դպրոց անցած իմ ծանոթներից մեկը խորհուրդ տվեց, որ երբ 70-ն անց մարդը խոսում է, միայն լսեմ: Այսօր ես հիմնականում լսողի դերում էի: Ցանկանում եմ ձեզ առողջություն եւ երկար տարիների կյանք: Ինչպես նաեւ, որ ձեր կորցրածը կարողանաք հետ բերել, քանի որ դուք քրտնաջան աշխատանքի արդյունքում եք այդ ամենին հասել եւ առանց ինչ-որ մեկին վնասելու: Ցանկանում եմ, որ դեռ շատ-շատերին օրինակ ծառայեք: [/b] Զրուցեց [b]ՏԱԹԵւ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր