211652_close_icon
views-count3403 դիտում article-date 11:49 17-02-2014

Ճանապարհային ոստիկանության տեսուչները ազատվել են զբաղեցրած պաշտոններից. տեսանյութ

Օրերս ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ցուցում տվեց` կտրուկ բարելավել ծառայության որակը, շեշտելով, որ այլևս չի հանդուրժվելու նույնիսկ որևէ զանցանք: Դեռևս 2013 թվականի նոյեմբերի 9-ին ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված օպերատիվ տեղեկության կապակցությամբ ծառայողական քննություն էր իրականացվել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի տեսուչներ Գևորգ Ասլանյանի և Հայկ Հարությունյանի նկատմամբ: Քննության արդյունքով Ասլանյանը ենթարկվել էր կարգապահական տույժի` ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ տված վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն չկազմելու համար: Սա միակ թերացումը չէր. բնակչության մեջ որոշակի դժգոհություններ կան այս ծառայության գործունեության նկատմամբ, և բոլորովին պատահական չէր ոստիկանության պետի խիստ ու վերջնագրային ցուցումը ճանապարհային ոստիկանության ղեկավարությանը: Ու չեղավ: 2014 թվականի փետրվարի 13-ին կրկին ուսումնասիրվեց Գևորգ Ասլանյանի և Հայկ Հարությունյանի համատեղ ծառայությունը, ու պարզ երևաց, որ տեսուչները, մեղմ ասած, հետևություններ չեն արել: Ճանապարհային ոստիկանության մեքենան կանգնեցված է երկրորդ շարքում, քաղաքացին նստում է ծառայողական մեքենան: Երկրորդ շարքում են կանգնած և ոստիկանության, և քաղաքացու մեքենաները, տեսուչը ծառայությունն իրականացնում է առանց գլխարկի: Քաղաքացու հետ շփվելիս տեսուչը ծխում է, հետը խոսում է առանց մեքենայից իջնելու: Դարձյալ` առանց գլխարկի: Մութն ընկնելուց հետո ծառայությունն իրականացնում է առանց լուսային բաճկոնի, քաղաքացին այստեղ էլ անարգել նստում է ծառայողական մեքենան: Ամենատարածված խախտումներից մեկն էլ, որը միայն այս տեսուչներին չի վերաբերում, քաղաքացիների հետ երկար-բարակ, անհարկի պարզաբանումներն են: Քիչ չեն նաև դեպքերը, երբ տեսուչները չեն գրանցում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները: Իսկ թե ինչու չեն գրանցում` կպարզի իրականացվող ծառայողական քննությունը: Ճանապարհային ոստիկանության տեսուչներ Գևորգ Ասլանյանն ու Հայկ Հարությունյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից և գրանցվել ոստիկանության կադրերի ռեզերվում: Նշենք նաև, որ քաղաքացու դիմումի կապակցությամբ նույն տեսուչների նկատմամբ ստուգում է իրականացվում նաև ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնում: Ճանապարհային ոստիկանության ծառայության որակը բարձրացնելուն ուղղված միջոցառումները շարունակվում են: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր