945 դիտում
19:48 13-02-2014
Փոխվարչապետի մոտ քննարկվել է մարզային առողջապահական հաստատությունների գործունեությանը վերաբերող հարցեր
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզային այցելությունների ժամանակ բարձրացված` առողջապահական հաստատությունների խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էր նաեւ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Խորհրդակցության օրակարգում էր մարզային առողջապահական հաստատությունների իրավական կարգավիճակի փոփոխության հարցը: Նշվեց, որ համայնքներում մի շարք հաստատություններ գործում են որպես ՓԲԸ-ներ, սակայն հաշվի առնելով վերջիններիս գործունեության բնույթը, այդ հաստատությունների համար առավել նպատակահարմար է ոչ առեւտրային կազմակերպությունների կարգավիճակը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Առողջապահության եւ Տարածքային կառավարման նախարարությունների, ինչպես նաեւ շահագրգիռ այլ կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ կստեղծվի աշխատանքային խումբ` իրավական կարգավիճակի փոփոխության գործընթացն իրականացնելու համար:
Խորհրդակցությանը քննարկվեցին նաեւ առողջապահական հաստատությունների 2014թ. ֆինանսավորմանն ու գործունեության արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցեր: Նշվեց, որ այս հարցերի շուրջ Առողջապահության նախարարությունում մեկ անգամ արդեն քննարկում եղել է մարզային պատասխանատուների մասնակցությամբ, սակայն վերջնական մոտեցում չի ձեւավորվել, եւ լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն կա: Որոշվեց, որ մինչեւ առաջին եռամսյակի ավարտը կառավարություն կներկայացվեն առաջարկություններ` համապատասխան պայմանագրային պարտավորությունների համար հիմք հանդիսացող ելակետային տվյալների ճշգրտման մասին: Փոխվարչապետը հորդորեց, որպեսզի Առողջապահության նախարարությունը մարզպետարանների հետ համատեղ սեղմ ժամկետներում ավարտի անհրաժեշտ պայմանագրերի կնքման գործընթացը` ֆինանսավորում ապահովելու համար:
Մարզերում բարձրացված մյուս հարցը վերաբերել է մարզերից Երեւանի բուժհաստատություններ հիվանդների ուղեգրման գործընթացին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Առողջապահության նախարարությունում կուսումնասիրվեն 2013թ. մարզպետների կողմից ներկայացված միջնորդությունները` հիվանդների թվաքանակի եւ հիվանդությունների ցանկի վերաբերյալ, եւ դրանց հիման վրա կմշակվեն հստակ ընթացակարգեր: Անհրաժեշտության դեպքում` մարզերի համար կարող են կիրառվել որոշակի չափաքանակներ` ըստ բնակչության թվի:
Անդրադարձ եղավ նաեւ Առողջապահության նախարարության կողմից մշակված` Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերի մի շարք առողջապահական հաստատությունների օպտիմալացման նախագծին: Որոշվեց, որ դրանք եւս մեկ անգամ կքննարկվեն մարզերում:
Խորհրդակցությանը քննարկվեցին նաեւ մի շարք համայնքներում կոնկրետ հաստատությունների գործունեությանը վերաբերող հարցեր:
Նմանատիպ նյութեր
1867 դիտում
21:55 29-05-2014
Փոխվարչապետի մոտ քննարկվել են արաբական երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հարցեր
Այս բաժնից
4594 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
886 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին