Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում փորձարկվում է նոր «Նավոդչիկ-2» անօդաչուն
Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականները սկսել են նոր «Նավոդչիկ-2» անօդաչու թռչող սարքի փորձարկումները: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ Զինված ուժերի Հարավային օկրուգի մամլո ծառայությանը:
Տեղեկությունների համաձայն փորձարկումներն իրականացվում են «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում՝ ինչպես գիշերային, այնպես էլ ցերեկային ժամերին և եղանակային տարբեր պայմաններում:
Հաղորդվում է, որ «Նավոդչիկ-2» ԱԹՍ-երը փորձարկվում են օդային հետախուզության և ռադիոէլեկտրոնային հաղորդակցությունը ճնշելու նպատակով:
«Նավոդչիկ-2»-ն ունակ է իրականացնել ցանկացած մարտական գործողություն վիդեո և ինֆրակարմիր մոդուլների շնորհիվ, որոնց միջոցով կարելի է հայտնաբերել նույնիսկ ամենալավ թաքստոցներում գտնվող հակառակորդին:
Նրա առավելագույն արագությունը 120կմ/ժ է և կարող է թռչել մինչև 3000 մետր բարձրության վրա: