1447 դիտում
18:07 07-02-2014
Մարդու անունը դուրս չգա՝ ինչ ուզում է լինի
Երբ հասարակության մեծ մասը ռեալիստ է, ապա պաշտոնյան լուրջ սխալվելուց հետո կորցնում է ժողովրդականությունը: Ժողովրդավարական երկրում ժողովրդականությունը կորցրած պաշտոնյան հրաժարական է տալիս կամ պաշտոնանկ արվում: Իսկ երբ մարդիկ ռեալիստ չեն, այլ` նոմինալիստ, ապա կարևորվում են միայն հատուկ անունները:
Նոմինալիստները պաշտոնյային վերաբերվում են որպես այսինչյան այսինչ, որը ժամանակավորապես պաշտոն է զբաղեցնում, իսկ ռեալիստները պաշտոնյային վերաբերվում են որպես պաշտոնյա, որի պարտականությունները ժամանակավորապես կատարում է այսինչյան այսինչը:
Նոմինալիստները, ցանկալի դրական զարգացման մակերեսային հայտանիշի առկայությունից ոգևորվելով, հապճեպ եզրակացություն, ժամանակավրեպ քայլեր են կատարում և երբեմն հայտնվում հիմար իրավիճակում: Հաճախ են կորցնում իրականության զգացողությունը, ինչը սթրեսի, դեպրեսիայի և այլ ճգնաժամերի պատճառ է դառնում: Այս վտանգավոր ընթացքից դուրս գալու համար անհրաժեշտ է պարզապես մնալ իրականության մեջ և ռեալիստ լինել:
Չար մարդուց բարի գործ ակնկալելը համարվում է միամտություն: Իհարկե չարագործը ինչ-որ իրավիճակում կարող է կատարել գործողություն, որն ինչ-որ լույսի տակ կարող է գնահատվել որպես բարեգործություն: Սակայն դրանից ելնելով չարագործի մասին որպես բարեգործ ընդունելու ռիսկը շատ մեծ է: Կամ տգետից օրինակելի վարք ակնկալելը նույնպես միամտություն է համարվում: Հնարավոր է, որ տգետը ինչ-որ իրավիճակում մի խելոք բան ասի, բայց դրա արդյունքում նա չի կարող դառնալ լուսավոր մարդ: Սա դաժան և ինչ-որ առումով՝ անհոգի մոտեցում է, սակայն շատ դեպքերում պաշտպանում է վերացականության ճահիճն ընկնելուց, սխալվելուց, բարոյական կորուստներ ունենալուց:
Մեր հասարակության մեծ մասը նոմինալիստ են: Ցանկացած խնդրի մասին խոսելիս սևեռվում են խնդիրը բարձրացնող գործիչների անունների վրա, խնդիրը դիտում այդ անունների անձնական-մարդկային հետաքրքրությունների ծիրում, և վերջում, լրիվ մի կողմ թողնում բուն խնդիրը: Ինչքան էլ կարևոր լինի օրակարգային խնդիրը, նրա շուրջ տեղի չի ունենում հասարակական բանավեճ, որովհետև մարդկանց մոտ տպավորվում է խնդիրը բարձրացրած գործիչների անունները, դիմագծերը, ձայնը և անձնական մի քանի տվյալները, բայց ոչ խնդրի էությունը:
Այս պայմաններում հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային նախաձեռնությունները բնականաբար չեն կարող համարժեք արձագանք ստանալ, առավել ևս՝ աջակցություն: Իսկ երբ հասարակության մեծ մասը ռեալիստորեն կվերաբերվեն իրերին և երևույթներին, այսինքն՝ իրերի էությունն ավելի կկարևորեն, քան նրանց անունները, ապա հասարակական առաջընթացի մասին երազները կարող են մի օր իրականություն դառնալ:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
17753 դիտում
15:59 22-12-2020
Արի, որ վաղը թուրքը չգա քո հետեւից․ Արի, եթե պետություն ես ուզում․ Արմեն Աշոտյան
Այս բաժնից
364 դիտում
09:56 23-11-2024
ՀՀ ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է
739 դիտում
22:31 22-11-2024
Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում