211652_close_icon
views-count4672 դիտում article-date 16:02 04-02-2014

Երբ Աշոտ Սուքիասյանին հանդիպեմ, պետք է ասեմ. «Գետինը մտնեիր, ավելի լավ չէ՞ր լինի, տղա ջան». Փայլակ Հայրապետյան

Սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը դեռ շարունակում է աչքալուսանք ստանալ «օֆշորային» սկանդալի մեջ մեղադրվող գործարար Աշոտ Սուքիասյանի ձերբակալման փաստով: Այս մասին Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործարար Փայլակ Հայրապետյանը: Նա արդեն համոզված է, որ այս գործը հնարավոր չէ «ծածկադմփոց» անել: «Նրան Հայաստան տեղափոխելուց հետո արդեն պարզ կլինի, թե ուր է տարել այդ փողերը, ինչ է արել, ում է տվել, ում հետ է «կերել»: Նաեւ համոզված եմ, որ սրան, երբ բերեցին, Կճոյանի եւ վարչապետի հարցերն էլ կլուծվի: Իմ վստահությունը իմ ձեռքի տակ եղած փաստաթղթերն են»,- ասաց Փայլակ Հայրապետյանը: Հարցին, թե երբ իրեն կանչեն Աշոտ Սուքիասյանի հետ առերեսման, նրան ինչ հարց է տալու, Փ. Հայրապետյանն ասաց. «Սուքիասյանի հետ էլ են առերեսման կանչելու, Կճոյանի հետ էլ, վարչապետի հետ էլ: Իսկ երբ Աշոտ Սուքիասյանին հանդիպեմ, ի՞նչ պետք է ասեմ: Պետք է ասեմ «Գետինը մտնեիր, ավելի լավ չէ՞ր լինի, տղա ջան»: Նա նաեւ տեղեկացրեց, որ Աշոտ Սուքիասյանին ձերբակալման պահից քառասուն օրվա ընթացքում կտեղափոխեն Հայաստան: Փայլակ Հայրապետյանը հիշեցրեց, որ խարդախության սցենարը սկսել է գործել դեռ 2009 թվականին էկոնոմիկայի նախարարության շենքում, երբ նախարարը դեռ Ներսես Երիցյանն էր: 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել է Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով, իսկ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։ Փայլակ Հայրապետյանը ընդգծեց, որ խորհրդակցությանը ներկա է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հենց այդ ժամանակ էլ Աշոտ Սուքիասյանը գործարարներին ասել է, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան ապրանք տրամադրել, քանի որ Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի։ Փայլակ Հայրապետյանը նրա հետ գործարքի մեջ է մտնում, գրավադրում է 33 միլիոն դոլարի իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված 10 միլիոն դոլարը տալիս Սուքիասյանին: Ներկա պահին Հայրապետյանի գույքի վրա արգելանք է դրված եւ նա չի կարողանում ո՛չ շահագործել, ո՛չ էլ վաճառել իր գույքը: Նրա կողմից բարձրացված երկար աղմուկից հետո հունվարի 31-ին՝ Թբիլիսիում, ձերբակալվում է հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը, ով ներգրավված է «օֆշորային գործում»։ Հայաստանի ոստիկանությունը սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանի բարձրացրած երկարատեւ աղմուկից հետո նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրել 2013 թվականի հունիսի 17-ին: Մեղադրանք առաջադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` գույքային վնաս պատճառելը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերի: Քրեական գործ էր հարուցվել նաեւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների օրինականացումը՝ առանձնապես խոշոր չափերով:

Նմանատիպ նյութեր