211652_close_icon
views-count1596 դիտում article-date 09:49 01-02-2014

«Արմենտել»-ը խախտում է «Լեզվի մասին» ՀՀ օրենքը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած քաղաքացիները դժգոհեցին՝ հայտարարելով, որ իրենք դեռ նախորդ տարվա հոկտեմբեր ամսից նկատել են, թե «Արմենտել» ընկերության երևանյան մասնաճյուղերում տեղադրված մոնիտորներին ռուսերենով է գրված, թե ինչ օր է, բաժանորդը որ պատուհանին մոտենա։ Բացի այս՝ վրդովված քաղաքացիները տեղեկացրին նաև, որ որոշ գրասենյակներում էլ բաժանորդներին ռուսերենով են առաջարկում սպասարկող օպերատորին գնահատել։ «Ժողովուրդ»-ը փորձեց «Արմենտել»-ի մամուլի պատասխանատու Անուշ Բեղլոյանից հետաքրքրվել, թե ինչն է պատճառը, որ հայ բաժանորդներին տեղեկատվությունը ռուսերենով է տրամադրվում. «Դա արտաքին ծրագրային սպասարկում է, արտադրվել է այլ ընկերության կողմից, և ծրագրում գոյություն չունի հայերեն։ Սպասարկման գնահատումը նույնպես իրականացվում է հայերենով։ Ընկերությունը միայն և միայն հայերենով է սպասարկում իր հաճախորդներին, եթե նա ցանկություն չի հայտնում ռուսերեն սպասարկվելու»։ Սա խախտո՞ւմ է «Լեզվի մասին» ՀՀ օրենքը, թե ոչ։ «Ժողովուրդ»-ի այս հարցմանն ի պատասխան՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանն ասաց. «Իհարկե խախտում է։ Հանրային բոլոր վայրերում տեղեկատվությունը պետք է տրվի նախ հայերեն, ապա՝ այլ լեզուներով։ Այս դեպքում կարող է նաև վարույթ հարուցվել։ Եթե նման ահազանգեր կան, ապա քաղաքացիները կարող են մեզ դիմել, և մենք հետևողական կլինենք»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր