Մեսսին կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը
«Բարսելոնա»-ի ղեկավարությունը մտադիր է պայմանագրի ժամկետը երկարաձգել հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, հայտնում են իսպանական լրատվամիջոցները: Ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն պլանավորում է մոտակա ժամանակում լուծել այդ հարցը և ֆուտբոլիստի հետ փոխհամաձայնության գոլ նոր պայմանագրի պայմանների շուրջ:
Նշվում է, որ կատալոնյան ակումբը պատրաստվում է Մեսսիին տարեկան 20 մլն եվրո աշխատավարձ առաջարկել: Մոտակա օրերի ընթացքում Բարտոմեուն կհանդիպի ֆուտբոլիստի հոր` Խորխե Մեսսիի հետ և կքննարկի ֆուտբոլիստի անհատական պայմանագրի պայմանները: Եթե կողմերը կարողանան համաձայնության գալ, ապա Մեսսին կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Գործող պայամանագրի համաձայն Մեսսին տարեկան ստանում է 16 մլն եվրո:
Նշենք, որ ներկայումս աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը համարվում է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ում տարեկան աշխատավարձը կազմում է 17 մլն եվրո: