211652_close_icon
views-count1295 դիտում article-date 18:27 30-01-2014

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ

Շարժայի կառավարիչ դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ Կասիմիի հրավերով աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունվարի 30-ին այցելեցին Շարժայի Ամերիկյան համալսարան, որտեղ տեղի ունեցավ Շարժայի կառավարիչ դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ Կասիմիի պարգեւատրման արարողությունը, որին ներկա էին ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, բարձրաստիճան հյուրեր, հայ համայնքի ներկայացուցիչներ: ԱԺ նախագահը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից Շեյխին հանձնեց ՀՀ պատվո շքանշան` ՀՀ եւ ԱՄԷ միջեւ բարեկամական կապերի ամրապնդման եւ տնտեսական համագործակցության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Ողջունելով ներկաներին` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալվել Շարժայում, որը համարվում է Արաբական Միացյալ Էմիրությունների մշակութային մայրաքաղաքը: Առավել եւս պատվաբեր է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի անունից պետական պարգեւ հանձնել մի անվանի գիտնականի եւ պետական գործչի, ով ոչ միայն լեցուն է այդ մշակույթով, այլեւ գնահատում է մշակույթը եւ ամեն ինչ անում այն հարստացնելու եւ արժանապատվորեն պահպանելու համար: Ընդ որում, խոսքը վերաբերում է ինչպես արաբական, այնպես էլ հայկական մշակույթին: Արաբական աշխարհի հետ Հայաստանի եւ հայ ժողովրդի ջերմ բարեկամության խոսուն վկան է մեր բազմադարյան ընդհանուր պատմությունը, որի հիմքի վրա այսօր հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները: Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական պետությունների հետ եւ,առաջին հերթին, անշուշտ, բարեկամ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունների զարգացմանը: Մեծարգո դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ-Կասիմի, Հայերը, ինչպես եւ արաբները շատ թանկ են գնահատում ընկերությունն ու բարեկամությունը եւ ամեն կերպ ձգտում պահպանել այն: Հայ - արաբական բարեկամական հարաբերությունների պատմությունը ոչ միայն երկու ժողովուրդների հոգեւոր կապի ու հավատարիմ զգացմունքների մասին է վկայում, այլեւ մշակույթների ու կրոնների միջեւ երկխոսության ու համերաշխության փայլուն օրինակ է: Շարժայում վեր խոյացող հայկական հիասքանչ եկեղեցին կարծես մարմնավորում է այն ջերմ վերաբերմունքը, որ կա հայերի հանդեպ Շարժայում եւ, առաջին հերթին, Ձեր կողմից, մեծարգո Շեյխ: Սիրելի ներկաներ, Պատիվ եմ ունեցել 2005 թ. սեպտեմբերին Շարժայի վսեմաշուք Էմիր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ-Կասիմիի՝ Հայաստան այցի օրերին միասին այցելել Հաղարծին: Հատկապես հուզիչ էր այն պահը, երբ կարեւորելով վանական համալիրի պատմական նշանակությունը սերունդների համար` Շեյխ Կասիմին առաջարկեց ֆինանսական ամբողջական օժանդակություն այն վերականգնելու համար: Հայաստանը երախտապարտ է Ձեզ՝ հայկական պատմամշակութային կոթող հանդիսացող միջնադարյան հայկական վանական համալիրի՝ Հաղարծինի վերականգնման աշխատանքները հովանավորելու համար: Հաղարծինի ուսումնագիտական կենտրոնը հիշատակվում է XIII-րդ դարի՝ աշխարհի առաջատար մշակութային օջախների շարքում: Հայ ժողովրդի եւ Հայաստանի իշխանությունների անունից ընդունեք, խնդրեմ, մեր խորին երախտագիտությունը: Թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեր ջերմ ու անկեղծ վերաբերմունքի համար եւ վստահություն հայտնել, որ մեր հարաբերություններն ու բարեկամությունը դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու՝ հանուն մեր ժողովուրդների բարեկեցության եւ Հայաստանի ու Արաբական Միացյալ Էմիրությունների բարօրության»: ՀՀ ԱԺ նախագահը ՀՀ իշխանությունների անունից Շարժայի կառավարիչ դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ Կասիմիին հրավիրեց Հայաստան: Ներկաներին ողջունեց եւ ելույթ ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Շարժայի էմիր Շեյխ Սուլթան Բին Մուհամմադ Ալ Կասիմին իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին՝ ՀՀ պետական պարգեւին արժանանալու եւ Հայաստան այցելելու հրավերի համար եւ պատրաստակամություն հայտնեց այսուհետ եւս աջակցել Հայաստան-ԱՄԷ բարեկամական կապերի հետագա զարգացմանը եւ ամրապնդմանը: Նա բարձր գնահատեց հայ եւ արաբ ժողովուրդների դարավոր ջերմ բարեկամությունը եւ անհրաժեշտ համարեց այդ բարեկամությունը ամրապնդել տարբեր բնագավառներում՝ կոնկրետ ծրագրեր իրականացնելով եւ առկա համագործակցությունը տարբեր ուղղություններով ավելի խորացնելով եւ ընդլայնելով: ՀՀ ԱԺ նախագահը գրառում կատարեց համալսարանի պատվավոր հյուրերի գրքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր