91101 դիտում
20:32 14-01-2014
Ողբերգական ավտովթար Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան դիմաց, Mercedes-ը բախվել է ծառին. վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները
Այսօր` հունվարի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, Mercedes մակնիշի 34 TՍ 857 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ նրա դին ավտոմեքենայից դուրս բերելու համար ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի ծառայողները, ովքեր հատուկ տեխնիկայով մեքենան մասնատելուց հետո նոր կարողացան մահացածին դուրս բերել ավտոմեքենայից:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները գումարտակի հրամանատարի տեղակալ Արման Հակոբյանի գլխավորությամբ:
Այս պահին վթարի վայր են ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը և ավագ քննիչ Կարեն Գրիգորյանը, ովքեր այս պահին վթարի վայրում քննչական աշխատանքներ են կատարում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայում հայտնաբերվել է Երևանի բնակիչ 35-ամյա Վլադիմիր Ծատուրյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական, սակայն ոստիկանությունը պարզում է` արդյոք մահացածն ինքն է, թե` ոչ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Mercedes -ը շահագործվում էր որպես տաքսի:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնում էին, որ վթարի պատճառը եղել է նաև ճանապարհի մերկասառույցը:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+