211652_close_icon
views-count19389 դիտում article-date 10:27 11-11-2013

Երբ երազանքները իրականություն են դառնում

Գերմանական ֆուտբոլը իր պատմության ընթացքում երբեք բարձրակարգ դարպասապահների պակաս չի զգացել: Տարբեր ժամանակահատվածներում Գերմանիան համաշխարհային ֆուտբոլին տվել է այնպիսի մեծագույն դարպասպահներ, ինչպիսիք են` Զեպ Մայերը, Օլիվեր Կահնը, Հերալդ Շումախերը, Անդրեաս Կյոպկեն , Բոդո Իլլգները և Յենս Լեհմանը: Ներկայումս Գերմանիայի հավաքականի դարպասը պաշտպանում է արդեն աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը`Մանուել Նոյերը: Առաջին Բունդեսլիգայում հանդես եկող 18 ակումբներից` 15-ի դարպասը պաշպանում են գերմանացի դարպասապահներ և նրանց միջև խելահեղ պայքար է ընթանում Գերմանիայի ազգային հավաքականում տեղ զբաղեցնելու համար: Եթե հաշվի առնենք, որ Մանուել Նոյերը ներկայումս համարվում է անփոխարինելի, ապա 14 դարպասապահները պայքարում են երկու տեղի համար: Բունդեսթիմ հրավիրվելու համար թվում է, թե դարպասապահներին անհրաժեշտ է տևական ժամանակ կայուն և անսխալ խաղ ցուցադրել: Սակայն պարզվում է, որ դա էլ բավարար պայման չէ Գերմանիայի հավաքականի դարպասապահ համարվելու համար: Այո, այդ առումով գերմանական ֆուտբոլը նույնպես բացառիկ է: Ֆուտբոլիստ, ով Բունդեսլիգայի շրջանակում անցկացրել է 300 հանդիպում, 3 անգամ Kicker-ի կողմից ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն դարպասապահ, 2 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, Գերմանիայի գավաթակիր և Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից` Գերմանիայի հավաքականում առաջին անգամ հանդես գալու հնարավորություն է ստանում 33 տարեկան հասակում: Հավանաբար կռահեցիք, որ խոսքը գնում է Դորտմունդի «Բորուսիա»-ի կենդանի լեգենդ Ռոման Վայդենֆելլերի մասին, ով իր խաղային որակներով և առաջատարի հատկանիշներով` բոլորին բազմիցս ապացուցել է, որ արժանի է հանդես գալ աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոնների կազմում: Սակայն անհասկանալի պատճառներով բունդեսթիմի մարզչական շտաբը ամեն անգամ Վայդենֆելլերին արհամարել է: Հավաքական չհրավիրվելուց հետո ֆուտբոլիստը բազմաթիվ անգամ չի կարողացել թաքցնել իր հիասթափությունը, սակայն երբեք չի հուսահատվել և շարունակել է սպասել իր շանսին: Երկար և համբերատար սպասելուց, երկար քննարկումներից և խոսակցություններից հետո` փորձառու դարպասապահը Յոհաիմ Լյովի կողմից վերջապես հրավիրվեց ազգային հավաքական: Ինչպես ցանկացած գերմանացի ֆուտբոլիստի` այնպես էլ Վայդենֆելլերի համար իր երկրի ազգային ընտրանու կազմում խաղալը եղել է վաղեմի երազանք: Վայդենֆելլերը այսպես է արձագանքել երկար սպասված լուրին. «Իմ երազանքը կատարվեց: Ես երջանիկ եմ և անչափ շնորհակալ, որ ինձ հրավիրեցին ազգային հավաքական: Սա ինձ համար նոր մարտահրավեր է: Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ միանալու թիմին» Ռոման Վայդենֆելլերը իր կարիերան սկսել է «Շպորֆրոյդե Այսբահտալ» պատանեկան ակումբի կազմում, իսկ 1996 թվականին տեղափոխվել է «Կայզերսլաուտեռն»-ի պատանեկան թիմ, իսկ հիմնական կազմում իր նորամուտը նշել է 2000 թվականին: «Կայզերսլաուտեռն»-ում ացնկացրած երկու տարվա ընթացքում Վայդենֆելլերը մասնակցել է 6 հանդիպման: 2003 թվականին, երբ լեգենդար Յենս Լեհմանը «Բորուսիա»-ից տեղափոխվեց «Արսենալ»` Վայդենֆելլերը դարձավ թիմի հիմնական դարպասապահը` մինչ օրս: Այժմ Վայդենֆելլերի կարիերայում բացվում է նոր էջ: 33 տարեկանում դարպասապահը իր կարիերան սկսում է նորովի: Ակնհայտ է, որ Մանուել Նոյերը հավաքականում ունենալով Վայդենֆելլերի նման մրցակից` չի կարող իրեն զգալ անփոխարինելի: Փորձառու դարպասապահի թիմում հայտնվելը նոր շարժառիթ կստեղծի «Բավարիա»-ի դարպասապահի համար, ով մյունխենյան թիմի կազմում վերջին շրջանում հիմնականում անգործ է մնում խաղերի ժամանակ և պարբերաբար փորձում է իրեն դրսևորել, որպես պաշտպանի, կիսապաշտպանի և նույնիսկ հարձակվողի դերերում: [b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր