24253 դիտում
10:21 16-08-2013
Բունդեսլիգայի «ամենակարմիր» խաղային օրը. 3-րդ տուրի ամփոփում
Բունդեսլիգայի 3-րդ տուրը նշանավորվեց առաջատարների հերթական հաղթանակներով և կարմիր քարտերի շքերթով: Մեկնարկային երեք տուրից հետո շարունակում են 100 %-ոց արդյունքով ընթանալ միանգամից 4 ակումբներ: Եթե «Բավարիա»-ի, Դորտմունդի «Բորուսիա»-ի և «Բայեր»-ի վստահ մեկնարկները կարելի է օրինաչափ համարել, ապա «Մայնց»-ի դեպքում ոչ-ոք չէր սպասում նման արդյունքի: Փոխարենը իրենց երկրպագուներին շարունակում են հիասթափեցնել «Շալկե 04»-ը և «Շտուտգարտ»-ը` ակումբներ, որոնք Գերմանիան ներկայացնում են եվրագավաթներում և պետք է նշել, որ եվրոպական արենայում վերոնշյալ թիմերը նույնպես մոտ են ձախողման: Ամենայն հավանականությամբ մոտ ժամանակում Յենս Կելլերը և Բրունո Լաբադիան պաշտոնանկ կարվեն: Նույն ճակատագրին կարող է արժանանալ նաև «Համբուրգ»-ի գլխավոր մարզիչ Տորստեն Ֆինկը, ում գլխավորած «Համբուրգ»-ը մեղմ ասած չի փայլում մեկնարկային երեք տուրերից հետո:
3-րդ տուրի առաջին խաղում «Բորուսիա»-ն երկար ժամանակ չէր կարողանում գտնել «Վերդեր»-ի դարպասը տանող ճանապարհը և միայն 55-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկու խփած գոլը վճռեց հանդիպման ելքը: Չնայած, որ դորտմունդցիները մրցակցին հաղթեցին նվազագույն հաշվով, այդուհանդերձ տոնեցին համոզիչ հաղթանակ: «Բորուսիա»-ի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, սակայն հայ ֆուտբոլիստը չտպավորեց իր խաղով: Իհարկե, չի կարելի ասել, որ Մխիթարյան լիովին ձախողեց հանդիպումը , սակայն չխաղաց այն խաղը, որ սպասում էին նրանից: Հավանաբար Հենրիխը դեռևս լիովին չի ադապտացվել գերմանական ֆուտբոլին: Բացի այդ չպետք է մոռանալ, որ ֆուտբոլիստը նոր է շարք վերադարձել վնասվածքից հետո: Մխիթարյանի մոտ նաև նկատվում է լարվածություն և ավելնորդ հուզմունք: Ուժերի նկատմամբ հավատ ձեռք բերելու և ավելնորդ կաշկանդվածությունը վերացնելու համար Մխիթարյանին օդի և ջրի նման գոլ է անհրաժեշտ: Այդուհանդերձ «Բորուսիա»-ն տոնեց իր երրորդ անընդմեջ հաղթանակը և վստահորեն առաջ է շարժվում:Հատկանշական է, որ «Բորուսիա»-ն վերջին 12 տարում նման փայլուն մեկնարկ առաջնությունում չէր ունեցել:
Չնայած պարտությանը, «Վերդեր»-ը բավականին գրագետ խաղ ցուցադրեց պաշտպանությունում: Շատ զարմանալի է տեսնել, որ բրեմենյան թիմը պաշտպանությունում նման վստահ խաղ է ցուցադրում, քանի որ վերջին տարիներին «Վերդեր»-ը առանձնանում էր իր հարձակվողական վառ ֆուտբոլով, բայց թույլ պաշտպանությամբ: Դրանում է կայանում Շաաֆի «Վերդեր»-ի և Ռոբին Դուտի «Վերդեր»-ի տարբերությունը: Դուտի թիմը լավ նախադրյալներ ունի հաջողության հասնելու համար: Մնում է մի փոքր ավելի ստեղծագործ խաղ ցուցադրել հարձակման գծում ու մենք կտեսնենք եվրագավթային ուղեգրի համար պայքարող «Վերդեր»-ի:
Բավարական դերբիում «Նյուրնբերգ»-ի նկատմամբ ոչ հեշտ հաղթանակ տարավ «Բավարիա»-ն: Պեպ Գվարդիոլայի սաներին մրցակցի դիմադրությունը հաջողվեց կոտրել 69-րդ րոպեին: Մյունխեցնիների հաղթանակը կերտեցին Ռիբերին և Ռոբենը: Ակնհայտ է, որ Գվարդիոլայի մտքի փայլատակումները դեռևս ոչ լիարժեք են հասկանում մյունխենյան թիմի ֆուտբոլիստները, ովքեր առաջին խաղակեսը ակնհայտորեն ձախողեցին: Սակայն երկրորդ խաղակեսում ֆուտբոլասերները խաղադշտում տեսան լիովին այլ «Բավարիա»-ի, որը ավելի շատ նման էր Հայնկեսի ժամանակվա «Բավարիա»-ին: Մյունխենցիները երկրորդ խաղակեսը անցկացրեցին բարձր մակարդակով և ցուցադրեցին իրենց հարձակվողական ողջ ներուժը: Արդյունքում «Նյունրբերգ»-ը տեղի տվեց և մի կերպ փրկվեց ջախջախիչ պարտությունից: Իր Նորամուտի խաղում այդքան էլ չտպավորեց Մարիո Գյոտցեն, ով խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում: Փոխարենը Գվարդիոլան պահեստայինների նստարանին էր թողել Թոմաս Մյուլլերին և Տոնի Կրոսին, ովքեր խաղի ընթացքում դուրս եկան փոխարինման:
Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ խաղում գերազանց տպավորություն թողեց Լևերկուզենի «Բայեր»-ը, որը ցուցադրեց աշխույժ, դինամիկ և արդյունավետ ֆուտբոլ: «Ասպիրինայինները» 2:0 հաղթելուց հետո երկու գոլ բաց թողեցին, որից հետո հաղթանակի նժարը կրկին կարողացան թեքել իրենց կողմը: Լևերկուզենցիների կազմում իր 100-րդ գոլը հեղինակեց Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկու`Շտեֆան Կիսլինգը:
Ինչ վերաբերվում է «Մայնց»-ին, ապա պետք է ասել, որ Տուխելի թիմը «Վոլֆսբուրգ»-ի հետ խաղում մեծամասամբ պաշտպանվողի դերում էր և միայն 60-րդ րոպեին ստանդարտ դիրքի խաղարկումից հետո «կառնավալային թիմին» հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ: Դրանից հետո «գայլերը» մնացին 10 հոգով, իսկ խաղավերջում փայլուն մրցաշրջան անցկացնող Նիկոլայ Մյուլլերը երկրորդ անգամ խոցեց մրցակցի դարպասը և խփած 4 գնդակով միանձնյա գլխավորեց Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուների ցուցակը:
Բունդեսլիգայի 3-րդ տուրը կարմիր քարտերի քանակով ռեկորդային ստացվեց: Ընդհանուր հաշվով այս տուրում մրցավարները ցույց տվեցին 9 կարմիր քարտ: «Ամենկարմիրը» դարձավ «Հոֆենհայմ» - «Ֆրայբուրգ» խաղը, որտեղ գրանցվեց 4 հեռացում: Հատկանշական է, որ այդ խաղում հեռացվեց նաև «Ֆրայբուրգ»-ի գլխավոր մարզիչ Քրիստիան Շտրայխը:
Ընթացիկ խաղարկությունում իրենց առաջին միավորները վաստակեցին «Աուգսբուրգ»-ն ու Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ը: Բրաունշվեյգում կայացած «Այնտրախտ»-ների մրցավեճում ավելի ուժեղ գտնվեցին ֆրանկֆուրտցիները: Լավ տպավորություն թողեց «Աուգսբուրգ»-ը, որը վստահ հաղթանակ տարավ «Շտուտգարտ»-ի նկատմամբ:
[bold]«Բորուսիա» Դ - «Վերդեր»՝ 1:0[/bold]
գոլեր՝ Լևանդովսկի 55'
[bold]«Մայնց» - «Վոլֆսբուրգ»՝ 2:0[/bold]
գոլեր՝ Մոտ 60, Մյուլեր 78
[bold] «Հոֆենհայմ» - «Ֆրայբուրգ»՝ 3:3[/bold]
գոլեր՝ Սալիհովիչ 9’ (11 մետ.), Ֆոլանդ 25’, Շտրոբլ 77’ – Զորգ 13’, Գուեդե 29’, Ֆրայս 66’
[bold]«Հանովեր» - «Շալկե 04»՝ 2:1[/bold]
գոլեր՝ Հուշտի 15’ (11 մետ.), Դիուֆ 42’ – Շալայ 55’
[bold]«Բայեր» - «Բորուսիա» Մ.՝ 4:2[/bold]
գոլեր՝ Կիսլինգ 23’ (11 մետ.), Սամ 28’, 61’, Կաստրո 72’ – Շտրացլ 54’, Արանգո 57’
[bold]«Բավարիա» - «Նյուրնբերգ»՝ 2:0[/bold]
գոլեր՝ Ռիբերի 69’, Ռոբեն 78’
[bold]«Հերտա» - «Համբուրգ»՝ 2:0[/bold]
գոլեր՝ Ադրիան Ռամոս 74'
[bold]«Այնտրախտ» Բ - «Այնտրախտ» Ֆ՝ 0:2[/bold]
գոլեր՝ Մայեր 52’, Այգներ 63’
[bold]«Աուսգբուրգ» - «Շտուտգարտ»՝ 2:1[/bold]
գոլեր՝ Հալիլ Ալթինթոփ 6' , Կալզեն-Բրակեր 36' - Իբիշևիչ 42' (11մ)
Հետաքրքիր փաստեր` 3-րդ տուրից
• Վերջին անգամ «Բորուսիա»-ն Բունդեսլիգայի մեկնարկային երեք խաղերում երեք հաղթանակ տոնել էր 12 տարի առաջ:
• Ընթացիկ մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիա»-ն խփած 14 գոլերից 12-ը խփել է երկրորդ խաղակեսերում:
• Բունդեսլիգայի նախորդ 28 խաղերում «Բավարիա»-ն անպարտելի է:
• «Բավարիա»-ից կրած պարտությունը «Նյուրնբերգ»-ի համար Բունդեսլիգայի շրջանակում դարձավ 450-րդը:
• Լևերկուզենի «Բայեր»-ը Բունդեսլիգայի վերջին 8 հանդիպումներում 8 անընդմեջ հաղթանակ տանելով իր համար նոր ռեկորդ գրանցեց:
• «Հաննովեր»-ի պաշտպան Հիրոկի Սակայը «Շալկե»-ի հետ խաղում հաղթել է անհատական մենամարտերի 89 %-ը:
• «Հաննովեր»-ը երկու անընդմեջ տնային հաղթանակ տոնել էր 41 տարի առաջ:
• Բեռլինի «Հերտա»-ն սեփական հարկի տակ վերջին 19 խաղերում անպարտելի է:
[b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
2120 դիտում
00:38 11-02-2014
Սոչի-2014. 3-րդ խաղային օրվա ամփոփում. տեսանյութ
1728 դիտում
16:30 20-03-2014
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ. խաղային օրվա ամփոփում. տեսանյութ
1660 դիտում
13:01 25-01-2014
Բունդեսլիգայի 18-րդ տուրի անոնս. տեսանյութ
Այս բաժնից
2821 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2344 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2641 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ