211652_close_icon
views-count23027 դիտում article-date 11:32 13-04-2013

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ. «Դավիթն` ընդդեմ Գողիաթի»

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի հանդիպումներից առաջ Shamshyan.com-ը սկսում է առանձնահատուկ կերպով ներկայացնել վերոնշյալ փուլում հայտնված մասնակիցներին: 4 թիմերին նվիրված 4 հոդվածներից առաջինը նվիրվում է ` Դորտմունդի «Բորուսիա»-ին: Չեմպիոնների լիգայի հերթական խաղարկությունը մոտենում է իր ավարտին և ինչպես հարիր է, այս մրցաշարին` յուրաքանչյուր խաղարկություն ստացվում է առանձնահատուկ հետաքրքրությամբ: Թերևս Չեմպիոնների լիգան սրանով է սիրվում և առանձնանում աշխարհի մյուս ակումբային առաջնություններից: Կիսաեզրափակիչ փուլում ֆուտբոլասերները ականատես կլինեն երկու գերմանա-իսպանական դիմակայության: Առաջին զույգում հարաբերությունները կպարզեն «Բավարիա»-ն և «Բարսելոնա»-ն, իսկ մյուսում` «Բորուսիա»-ն և «Ռեալ»-ը: Եթե վերջին տարիների ընթացքում մենք վերոնշյալ փուլում սովոր էինք տեսնել [link href="http://shamshyan.com/arm/from/6/2013-04-14-FC-Barecelona.html"]«Բարսելոնա»[/link]-ին, «Բավարիա»-ին և [link href="http://shamshyan.com/arm/2013-04-16-Real-Madrid.html"]«Ռեալ»[/link]-ին, ապա «Բորուսիա»-ն այս քառյակում կարելի է ասել անակնկալ նորեկ է համարվում: Չէ՞ որ դորտմունդյան ակումբը եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչում վերջին անգամ հայտնվել էր 1997/98 մրցաշրջանում: Հատկանշական է, որ 15 տարի առաջ «Բորուսիա»-ն կիսաեզրափակիչ վերջին խաղը անցկացրել էր հենց «Ռեալ»-ի հետ և տանուլ էր տվել: 15 երկարատև տարիներից հետո գերմանական ակումբը ճակատագրի հեգնանքով, այս փուլում իր վերադարձը կնշանավորի «Ռեալ»-ի հետ դիմակայությամբ: Սակայն ընթացիկ մրցաշրջանում սա թիմերի առաջին հանդիպումը չէ, քանի որ «Բորուսիա»-ի և «Ռեալ»-ի ճանապարհները խաչվեց նաև խմբային փուլում և հատկանշական է, որ դորտմունդյան ակումբը երկու խաղերի արդյունքում գերազանցեց «Արքայական ակումբին» (2:1,2:2): Այս գերհզոր քառյակից թվում է, թե ամենաքիչ շանսերն ունի «Բորուսիա»-ն: Մինչ խաղարկության մեկնարկը, գրեթե ոչ ոք խաղադրույք չէր կատարի, որ «Բորուսիա»-ն կարող է հասնել մինչև կիսաեզրափակիչ փուլ: Ճիշտ է՝ Գերմանիայի նախորդ տարվա չեմպիոններից շատերը սպասում էին հաջող ելույթներ, սակայն նման առաջընթաց քչերն էին ակնկալում: Եվ նման կարծիք ձևավորելու հիմքերը կային, քանի որ նախորդ մի քանի մրցաշրջանների ընթացքում դորտմունդցիները եվրագավաթներում մեղմ ասած չէին փայլում: «Բորուսիա»-ն իր «ատամներ»-ը ցույց տվեց դեռևս խմբային փուլում, երբ «կապիտուլացիայի» ենթարկվեցին Անգլիայի չեմպիոն` Մանչեսթեր Սիթին, Իսպանիայի չեմպիոն` Մադրիդի «Ռեալ»-ը և Հոլանդիայի չեմպիոն` Ամստերդամի «Այաքս»-ը: «Բորուսիա»-ն առաջին հերթին առանձնանում է իր գլխավոր մարզչով և ճկուն խաղային մարտավարությամբ, որի հիմքում երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներն են: Յուրգեն Կլոպը, թիմը գլխավորելուց հետո «Բորուսիա»-ին կարողացավ անդունդից հանել բավականին կարճ ժամանակահատվածում: 5 տարի առաջ «Բորուսիա»-ն համարվում էր Բունդեսլիգայի միջակ ակումբներից մեկը, որը մեկընդմերթ հայտնվում էր մրցաշարային աղյուսակի ստորին հատվածներում: Եվ ահա Կլոպը վերակենդանացրեց, երբեմնի հզոր գերմանական ակումբներից մեկին` նոր շունչ և խաղային փիլիսոփայություն հաղորդեց: Վերջին երկու տարիների ընթացքում «Բորուսիա»-ն երկու անգամ անընդմեջ հռչակվեց Գերմանիայի չեմպիոն և սկսվեց վերելքի ժամակաշրջանը: Նշելով Դորտմունդցիների գլխավոր խաղաքարտերը` ավելացնենք նաև թիմային բարձր ոգին, համախմբվածությունը և կամային բարձր որակները: Բոլորը դրանում համոզվեցին 1/4 եզրափակիչ փուլի «Մալագա»-ի հետ հանդպման ժամանակ, երբ «Բորուսիա»-ն անհուսալի իրավիճակում կարողացավ իր մեջ ուժ գտնել և խաղին ավելացված լրացուցիչ ժամանակում խփել երկու գնդակ ու նվաճել կիսաեզրափակչի ուղեգիր: Այդուհանդերձ «Բորուսիա»-ն դեռևս լիովին չի հասունացել և իրեն չի կարող զգալ եվրոպական գրանդ: Ի տարբերություն «Բավարիա»-ի, «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի`«Բորուսիա»-ն միշտ չէ, որ խաղադաշտ է դուրս գալիս ֆավորիտի հոգեբանությամբ և ամեն անգամ չէ, որ կարողանում է այդ դերը արժանավայել ստանձնել: Դրա վառ ապացույցները հանդիսացան «Մալագա»-ի հետ հանդիպումները: Իսպանական ակումբի հետ կայացած պատասխան խաղում «Բորուսիա»-ն չկարողացավ իրեն դրսևորել, որպես ֆավորիտ և այդ լրացուցիչ բեռը Կլոպի սաները չկարողացան, ինչպես հարկն է, տանել: Բացի դրանից «Բորուսիա»-ի խաղում ընթացիկ մրցաշրջանում նկատվում է որոշակի անկայունություն: Եթե Չեմպիոնների լիգայում այդ խնդիրներն այդքան հաճախակի աչքի չեն զարնում, ապա Բունդեսլիգայում ամեն ինչ պարզ է, ինչպես մաքուր ջուրը: Սակայն «Բորուսիա»-ն իրեն ավելի վստահ և հարմարավետ է զգում երկրորդ համարով հանդես գալու պայմաններում: Իսկ «Ռեալ»-ի հետ խաղում բնականաբար «Բորուսիա»-ն ֆավորիտ իրեն չի զգալու: ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ

Նմանատիպ նյութեր