211652_close_icon
views-count4364 դիտում article-date 22:30 18-10-2018

ԵՊՀ-ում բացվեց չինագիտության կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն հյուրընկալեց Չինաստանից ժամանած պատվիրակությանը, որը գլխավորում էր Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Խան Դաչուանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլոնը, ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, ինչպես նաև Արևելագիտության և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետների դեկաններն ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ: Արամ Սիմոնյանը ողջունեց հյուրերին և որոշ մանրամասներ ներկայացրեց բուհի պատմության, միջազգային և գիտական քաղաքականության ոլորտի վերաբերյալ: Խան Դաչուանը նշեց, որ պատվիրակության անդամներն առաջին անգամ են այցելում Հայաստան, սակայն մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում Հայաստանի և մասնավորապես ԵՊՀ-ի հետ գործնական կապերի հաստատմանն ու զարգացմանը միտված կարևոր առաքելությանը: «Հայտնի է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը նախաձեռնել է աշխարհագրական բավականին մեծ մասշտաբ ընդգրկող «Մեկ գոտի, մեկ ուղի» նախագիծը, որի ակտիվ գործընկերիների շարքում է նաև Հայաստանը: Ուստի մեզ համար շատ կարևոր են պետության զարգացման գործում մեծ ներդրում ունեցող Երևանի պետական համալսարանի հետ արդյուանվետ փոխգործակցության ծավալումն ու դինամիկ զարգացումը»,- ասաց Խան Դաչուանը և հավելեց, որ ԵՊՀ չինագիտության կենտրոնի գործունեությունն էլ ավելի նպաստի հայ-չինական դարավոր համագործակցության զարգացմանը: ԵՊՀ ռեկտորը փաստեց, որ հայ երիտասարդները հատկապես վերջին տարիների ընթացքում սկսել են մեծ ուշադրություն ու հետաքրքրություն ցուցաբերել չինական մշակույթի, լեզվի ու ընդհանրապես Չինաստանի հանդեպ, ուստի ԵՊՀ-ն պատրաստակամ է աջակցելու Հայաստանում չինագիտության տարածմանն ու ընդլայնմանը: Քննարկումների ընթացքում կողմերը նախնական նամաձայնություն ձեռք բերեցին առաջիկա համատեղ ծրագրերի շրջանակում ընդգրկել մի շարք միջոցառումներ՝ ուսանողների և երիտասարդ դասախոսների փոխանակում, երկու երկրների դարավոր մշակույթը ներկայացնող ցուցահանդեսներ, գիտաժողովներ, հետազոտություններ և այլն: Այնուհետև հյուրերը ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում հանդիպեցին ուսանողների հետ, ներակայացրին հայ-չինական հարաբերությունների զարգացման միտումները, առաջիկա ծրագրերը, Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի գործունեությունը, ԵՊՀ չինագիտության կենտրոնի նպատակները: Հանդիպումներից հետո Չինաստանի պատվիրակությունը մասնակցեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի աջակցությամբ ստեղծված չինագիտության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Հավելենք, որ ԵՊՀ չինագիտության կենտրոնի հիմնական նպատակն է նպաստել հայ-չինական հարաբերությունների ամրապնդմանը: Կենտրոնում ուսումնասիրություններ են իրականացվելու Չինաստանի պատմության և քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև կազմակերպվելու են միջազգային գիտաժողովներ, գիտական քննարկումներ ու հանդիպումներ: Այն նաև ծառայելու է որպես ռեսուրսային կենտրոն չինագիտություն ուսումնասիրողների համար: Միջոցառումների շրջանակում ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց ««Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության 5 տարին. հայ-չինական համագործակցության նոր հեռանկարները» խորագրով գիտաժողովը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր