1510 դիտում
16:29 17-04-2015
ԵՊՀ-ում բացվեց չինարենի և չինական մշակույթի կենտրոն
Մայր բուհի ղեկավարության և ԵՊԼՀ Կոնֆուցիոսի ինստիտուտի աջակցությամբ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում բացվեց չինարենի և չինական մշակույթի կենտրոն:
Այսօր համալսարանականների հյուրն էր ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին, ով Մայր բուհ էր այցելել չինարենի և չինական մշակույթի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար:
Արտակարգ և լիազոր դեսպանին ողջունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով բարձր գնահատեց հայ-չինական հարաբերությունները հատկապես կրթության ոլորտում և հավելեց, որ համալսարանականները հետաքրքրված են չինական մշակույթով և լեզվով:
«Չնայած ապրիլ ամիսը բոլորիս համար ուրիշ խորհուրդ ունի, սակայն այսօր ԵՊՀ-ում և մասնավորապես Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում իսկական տոն է: Հիրավի, չինարենի և չինական մշակույթի կենտրոնի բացումը կարևոր նշանակություն ունի մեր այն ուսանողների համար, ովքեր հետաքրքրված են չինարեն լեզվով, չինական մշակույթով և ավանդույթներով»,- նշեց Արամ Սիմոնյանը և հատուկ շնորհակալություն հայտնեց դեսպան Թիան Էրլունին կենտրոնի բացմանն աջակցելու և համագործակցելու համար:
Հայ-չինական հարաբերությունների պատմական զարգացումներն ու ներկայումս ծավալվող ակտիվ համագործակցությունը ներկայացրեց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը:
«Չինաստանը եղել և շարունակում է մնալ հայ ժողովրդի բարեկամը, և այսօր ևս մեկ անգամ ընդգծվում է այդ փաստը: Ողջունում եմ նաև ուսանողների հետաքրքրվածությունն ու պատրաստակամությունը սովորելու և ուսումնասիրելու չինարենն ու չինական մշակույթը: Շնորհակալ եմ նաև դեսպանությանը լսարանն անհրաժեշտ տեխնիկայով ապահովելու համար»,- ասաց ֆակուլտետի դեկանը ու հատուկ շնորհակալություն հայտնեց նաև ռեկտոր Արամ Սիմոնյանին ֆակուլտետի և չինական կողմի՝ կենտրոն հիմնելու առաջարկին արագ արձագանքելու համար:
Դեսպան Թիան Էրլունին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար ու շեշտեց, որ Չինաստանի և Հայաստանի համագործակցությունը նոր թափ է ստանում՝ ներառելով նոր ոլորտներ:
«Շատ ուրախ եմ, որ բարձր հեղինակություն վայելող այնպիսի բուհում, ինչպիսին Երևանի պետական համալսարանն է, գործելու է չինարենի և չինական մշակույթի կենտրոն: Կենտրոնի բացումը և ուսանողների հետաքրքրվածությունը ևս մեկ անգամ փաստում են այն մասին, որ հայ-չինական հարաբերություններում ակտիվացում է նկատվում, ինչը, անշուշտ, ողջունելի է»,- նշեց Թիան Էրլունին:
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասերյանը, Երևանի Վ. Բրուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) ռեկտոր Գայանե Գասպարյանը, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը շեշտեց, որ լեզվահասարակագիտական համալսարանը միշտ պատրաստ է աջակցելու Մայր բուհին չինարենի ուսումասիրման ու տարածման գործում:
Ելույթներից հետո ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում հանդիսավոր բացվեց չինարենի և չինական մշակույթի կենտրոն, որը ղեկավարելու է ֆակուլտետի դոցենտ Արթուր Իսրայելյանը: Չինարենն ուսումնասիրող ուսանողները չինարենով ողջունեցին դեսպանին՝ շնորհակալություն հայտնելով իրենց՝ չինարեն լեզուն ու մշակույթն ուսումնասիրելու հնարավորություն ընձեռելու համար:
Լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանն էլ ձեռնունայն չէր եկել. նա չինարենի ու չինական մշակույթի նորաբաց կենտրոնին համակարգիչ և չինարեն գրքեր նվիրեց:
Հավելենք, որ չինարենի դասավանդումը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում սկսվել է դեռևս 2014-2015 ուստարում:
Նմանատիպ նյութեր
1049 դիտում
17:00 30-10-2014
Երևանում կկառուցվի չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց
925 դիտում
19:45 22-04-2015
Կնքվել է պայմանագիր՝ Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ վարժարանի նախագծման և կառուցման վերաբերյալ
Այս բաժնից
352 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
373 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները